ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի դասախոսները Արարատի զորամասում
19.03.2012
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներն ու մագիստրոսները ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել էին Արարատի զորամասերից մեկը:
Արարատի զորամասի 400 զինծառայողներից ծրագրին ցանկացել են մասնակցել մոտ 200-ը:
Այցելության առաջին օրը մասնագետներն ուսումնասիրեցին յուրաքանչյուր առարկայի ուղղությամբ զինծառայողների պատրաստվածության մակարդակը, որի համաձայն էլ կատարվեց ենթախմբերի բաժանումը:
Ժամկետային զինծառայող Ավետիս Վարոսյանը ընտրել է մաթեմատիկայի, անգլերենի և ինֆորմատիկայի դասընթացները: Ծրագրի մասին լսելով`անակնկալի է եկել. «Չէի սպասում, որ կկազմակերպվեն այնպիսի դասընթացներ, որոնք կբավարարեն զինծառայողների կրթական կարիքները: Կարծում եմ` վաղաժամ է խոսել արդյունքների մասին. ծրագիրը սկզբնական փուլում է, բայց վստահ եմ`այն կծառայի իր նպատակին, և զինծառայողները զորացրվելուց հետո կկարողանան սովորել իրենց նախընտրած ուսումնական հաստատատություններում,-ասում է Ավետիս Վարոսյանը:
Համալսարանի Ռազմավարական կառավարման վարչության պետ Ռիտա Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքներ կտարվեն այն խմբերի հետ, որոնք ունեն ավելի թույլ պատրաստվածության մակարդակ.«Վստահ եմ` նրանք կտիրապետեն գիտելքիների այն պաշարին, որը նախատեսված է ուսումնական պլանով»:
Շարքային Արամայիս Հակոբյանը ծրագրի մասին իմացել է երկու շաբաթ առաջ: Այսօր առաջին անգամ մասնակցել է պատմության դասընթացին: Որպես ապագա պատմաբան` ցանկանում է վերհիշել պատմության մասին ունեցած իր գիտելիքները: Ասում է, որ սա հաճելի փոփոխություն է զինվորների առօրյայում. «Կարծում եմ, որ սա հիանալի հնարավորություն է հատկապես այն զինծառայողների համար, որոնք նոր են պատրաստվում ընդունվել որևէ ուսումնական հաստատատություն: Մի քանի ժամյա պարապմունքներով դժվար է ընդունվել բուհ. սա ոչ այնքան պատրաստական որքան նախապատրաստական փուլ է նրանց համար»,-ասում է Արամայիսը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը զինծառայողների պատրաստվածության մակարդակը այնքան էլ բարձր չի գնահատում, սակայն կարևորում է նրանց սովորելու ցանկությունը. «Մենք երկու ամսում հրաշքներ չենք գործելու. կազմվել է իրատեսական ծրագիր, որը սերտելու դեպքում նվազագույն միավորի շեմը նրանք կհաղթահարեն»:
Տաթևիկ Հարությունյանը Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է. մեծ ոգևորությամբ մասնակցում է ծրագրին. «Առաջին դասի շրջանակում ծանոթացանք զինվորների մասնագիտական նախասիրություններին, նրանց ներկայացրեցինք իրենց ընտրած առարկայի ներածական մասը: Զինծառայողները ոգևորված են. ասում են` չնայած ժամանակի սղությանը հավանաբար կհասցնենք պատրաստվել բուհի ընդունելությանը»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրի նպատակն է ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել զինծառայողի կրթության նկատմամբ հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը, նախանշել յուրաքանչյուր զինծառայողի համար կրթական կարիքների կազմը և նախատրաստել նրանց` ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելուն: