ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Արմենոիդներ» թիմը` ինտելեկտուալ մրցույթի հաղթող
30.03.2012
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
11 թիմերից եզրափակիչ էին դուրս եկել Պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Ուրարտու», Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի «Տաթև», Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի «Արմենոիդներ» և Սկզբնական կրթության ֆակուլտետի «Աղթամար» թիմերը:
Խաղը վարում էր Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վահանյանը: Հարցերն ընտրվել էին գրականության, պատմութան, արվեստի և այլ բնագավառներից:
Թիմերի պատասխանները գնահատում էին ժյուրիի 5 անդամները՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆրունզե Մայիլյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Պողոսյանը, Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Դեմիրխանյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը:
Մրցույթի ավարտին ժյուրիի անդամ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆրունզե Մայիլյանը, կարևորելով թիմերի մասնակցությունը, ասաց. «Ուրախ եմ, որ մեր համալսարանում սովորում են ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող ուսանողներ: Նմանատիպ մրցույթները կնպաստեն նաև ձեր գիտելիքների հարստացմանը»:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանն էլ ավելացրեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են ուսանողների մտածողության զարգացմանը, բառապաշարի հարստացմանը և խմբային աշխատանքի մշակույթի բարձրացմանը:
Արդյունքներն ամփոփելուց հետո հայատրարվեց հաղթող թիմի անունը:
4-րդ տեղում էր Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի «Տաթև» թիմը, 3-րդ տեղը զբաղեցրեց Սկզբնական կրթության ֆակուլտետի «Աղթամար» թիմը, իսկ 2-րդը՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Ուրարտու» թիմը:
Առավելագույն միավորներով 1-ին տեղը գրավեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի «Արմենոիդներ»թիմը:
Հաղթող թիմի անդամ Սոցիալական մանկավարժության մագիտրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Հակոբյանն ուրախ է իր թիմի հաղթանակի համար: «Հարցերին պատասխանելու համար պետք էր ունենալ ընդհանուր զարգացվածություն: Ցանկալի կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը հնչած հարցերի գոնե մի մասի պատասխաններն իմանա»,- ավելացրեց Լիլիթը:
Խաղ-մրցույթի ավարտին մասնակիցները ստացան պատվոգրեր: