ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեղին գծեր Մանկավարժականում`թույլ տեսնողների համար
31.03.2012

Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Շտկող մանկավարժության և հոգեբանության ամբիոնը, համագործակցելով լեհական «Արի, արի» և հայկական«Հանգրվան» հասարակական կազմակերպությունների հետ, հանդես եկավ «Դեղին գծեր թույլ տեսնողների համար» հատուկ նախաձեռնությամբ:

Տեսողության խնդիրներ ունեցողներն այսուհետ հեշտությամբ կկարողանան ինքնուրույն և ապահով տեղաշարժվել Մանկավարժական համալսարանում:

Հաշվի առնելով այն, որ դեղինը թույլ տեսնողների ամենաընկալվող գույնն է, ապագա տիֆլոմանկավարժները համալսարանի աստիճանները ներկեցին դեղին գծերով:

«Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հաստատությունները ներկված են դեղին գծերով. մեր քաղաքը մոխրագույն է, ինչն ավելի է խոչընդոտում թույլ տեսնողների տարածական կողմնորոշմանը: Հայաստանում տիֆլոմանկավարժությունը զարգացած չէ: Այստեղ գործում է կույրերի և թույլ տեսնողների միայն մեկ մասնագիտացված դպրոց: Շատ եմ կարևորում մանկավարժականի հետ համագործակցությունը: Վստահ եմ` այն հնարավորություն կտա այստեղ սովորող ապագա տիֆլոմանկավարժներին ձեռք բերել մասնագիտական հմտություն և փորձ»,-ասում է «Հանգրվան» հասարակական կազմակերպության նախագահ Սվիրիդեն Փոստելան:

Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցի դասվար Մարիաննա Գալստյանը ևս մասնակցում է այս նախաձեռնությանը: «Մեր հասարակության մեջ թույլ տեսողություն ունեցող մարդիկ մեկուսանում են: Այսպիսի ակցիաները հնարավորություն են տալիս նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ,- ասաց Մարիաննա Գալստյանն, ավելացնելով, որ պետք է մշտապես օգնել և աջակցել նրանց. ի վերջո, ոչ ոք ապահովագրված չէ նմանատիպ խնդիրներից»:

Ի դեպ, Մանկավարժական համալսարանը Հայաստանում առաջին հաստատությունն է, որն իրականացնում է թույլ տեսնողների տեղաշարժման հեշտացմանն ուղղված նմանատիպ ակցիա:

Հատուկ կրթության ֆակուլտետն արդեն մի քանի ամիս է, որ համագործակցում է Լեհաստանի «Կույրերի միավորման» մասնագետների հետ:

Համագործակցության շրջանակում համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները մասնակցեցին Պոզնանի համալսարանի պրոֆեսոր Մարեկ Յակուբովսկու «Աջակցություն տեսողության խնդիրներով անձանց» թեմայով դասախոսությանը:

Մարեկ Յակուբովսկին Հատուկ կրթության ֆակուլտետին նվիրեց բրայլյան այբուբենով գրված 100 տարվա վաղեմության երաժշտական գիրք, որն իր արժանի տեղը կզբաղեցնի համալսարանի նորաստեղծ թանգարանում: