ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով` Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում
02.04.2012
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ապրիլի 2-3-ը կազմակերպել էր օտար լեզուների դասավանդման խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով:
Այն անցկացվում էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:
«Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Բազմաբովականդակ գործունեության համար շնորհակալություն հայտնելով արտաքին գործերի նախարարին` ռեկտորն ասաց. «2008 թվականից Հայաստանը մաս է կազմում Ֆրանկոֆոնիայի: Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի ձեռնարկներով նոր ընդգրկուն շրջանակ կստեղծեն: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն իր ուսումնական, գիտական գործունեության մեջ առաջնորդվում է Ֆրանկոֆոնիայի համար ընդունելի գաղափարներով`մարդու իրավունքների պաշտպանություն, կրթության իրավունք, միջմշակութային հաղորդակցություն: «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովը մանկավարժականում սկիզբ է դնում մի խումբ կարևորագույն ձեռնարկների և միջոցառումների»,- ավելացեց համալսարանի ռեկտորը:
Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին և ներկաներին ֆրանսերեն լեզվով ողջունեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտաժողովները:
ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում և կարևորություն տալիս միջմշակութային հարաբերություններին և ամեն կերպ թույլ չենք տալիս որպեսզի տեղի ունենան մշակութային բախումներ»,-ելույթում ընդգծեց արտգործնախարարը, որը երկար տարիներ Ֆրանսիայում ՀՀ դեսպանն էր:
Նախարարը նկատեց նաև, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության և համագործակցության հնարավորություններ:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը հիացած Էդուարդ Նալբանդյանի ֆրանսերենով ընդգծեց, որ այստեղ իր մայրենին լսելն շատ հաճելի է: «Մենք պարոն արտգործնախարար Նալբանդյանի հետ մի համաձայնագիր ենք կնքել, որ ֆրանսերենը տարածվի եւ դպրոցներում, եւ բուհերում: Նաեւ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ ֆրանս-հայկական նոր լիցեյ ստեղծվի Հայաստանում, որը հսկայական կրթական ու մշակութային ծրագիր է»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյնոն:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ-ի սոցիալական կրթության ակադեմիայի անդամ, Մոսկվայի «Եվրադպրոցի» գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Վիկտորիա Սաֆոնովան «Համաշխարհային գաղափարական ուղղվածությունները և ազգային գերակայությունները 21-րդ դարի բազմամշակույթ լեզվական կրթության զարգացման գործընթացում» թեմայով զեկույցում նշեց.« Լեզվական կրթության և մշակույթի ազգային մոդելների ստեղծման գործում առկա դրական միտումներից զատ կարևոր է նաև պայքարել բացասական երևույթների դեմ: Դա հնարավոր է անել` հաշվի առնելով կոնկրետ պետության հասարակական պահանջները, մանկավարժական նվաճումները, մշակութային արժեքները և մարդու լեզվական կրթության իրավունքի ապահովումը»,-եզրափակեց Սաֆոնովան:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան լեզվական կցորդ Ֆաբիեն Նեյրան «Ֆրանսերենի դրվածքը Հայաստանում» զեկույցում ներկայացրեց ֆրանսիական դեսպանատան գործունեությունը ֆրանսերենի տարածմանն և դրա զարգացմանն ուղղված միտումները:
Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Ղազարյանը հանդես եկավ «Գեղարվեստական թարգմանությունը որպես մշակույթների փոխհարստացման միջոց» զեկույցով: Նա կարևորեց նման գիտաժողովների անցկացումը:
«Կարծում եմ այն փորձի փոխանակման, միջմշակութային երկխոսություն և լեզուների միջոցով համագործակցության արդյունավետ միջոց կլինի: Գլոբալիզացման դարաշրջանը կարող է տանել աշխարհի միաբևեռացմանը: Դրանից խուսափելու եղանակներից է լեզուների միջոցով մշակույթների հաղորդակցությունը, փոխհարստացումն ու փոխհամագործակցությունը»,-կարծում է Դոնարա Ղազարյանը:
Գիտաժողովը շարունակվեց երկու սեկցիաների զուգահեռ աշխատանքներով: