ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հեռուստաստուդիայի և լսարանի անվանակոչումը հավերժ կապրեցնի մեծանուն մարդկանց անունները»
14.03.2014
Այսօր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայի և պատմաբան, պետական ու մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը:
Բացմանը ներկա էին նրանց ընտանիքների անդամները, հյուրեր, այդ թվում նաև՝ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Ստեփան Պողոսյանի դուստրը:
Հյուրերը շրջեցին տեսախցիկներով և տեսամոնտաժման համար նախատեսված սարքավորումներով հագեցած նորաբաց ստուդիայում ու լսարանում: Ի դեպ, Ստեփան Պողոսյանի ընտանիքը բուհին է նվիրել նրա հեղինակած գրքերը. լսարանն առաջիկայում ծառայելու է նաև որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, ուր ուսանողները կարող են օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:
«Ստեփան Պողոսյան՝ ժողովրդի տանգնապներն ու ցավերն իր մեջ ամբարած մարդ, որ եկել է գիտությունից: Այդ փորձառությամբ իմաստնացած՝ մշակույթի և պատմության մեծ գիտակը անջնջելի հետք թողեց. նրա անունը ոսկե տառերով է գրված հայկական հեռուտատեսության պատմության մեջ»,-ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը և հավելեց՝ Ստեփան Պողոսյանը և Արմեն Հովհաննիսյանն այն հազվագյուտ երջանիկներից են, ովքեր հաջողությունների են հասել ոչ միայն իրենց բնագավառներում, այլև կերտել են ամբողջական համակարգեր:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար միջոցառումը հուզիչ էր և անսպասելի, քանի որ Մանկավարժական համալսարանը գնահատեց և ստեղծեց այնպիսի պրակտիկ անկյուններ, որտեղ մշտապես վառ կմնան երկու մեծանուն անհատների անունները:
Մշակույթի նախարարի համար հաճելի զարմանք էր նաև բարերարների՝ ազգային արժեքները գնահատելու հանգամանքը. «Նրանց շնորհիվ կդաստիարակվեն այնպիսի սերունդներ, որոնց մասին մենք երազում ենք»:
ՀՊՄՀ Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանն իրեն համարեց երջանիկ մարդ, քանի որ ճանաչում է երկուսին էլ:
Անդրադառնալով Ստեփան Պողասյանին գործունեությանը՝ Լավրենտի Բարսեղյանը նշեց. «Նա ազգային մեծ գործիչ էր. թողել է պատմագիտական այնպիսի ժառանգություն, ինչպիսին չէր կարող թողնել անգամ մի ամբողջ ինստիտուտ: Որքան հեռանում ենք նրանից տարածության և ժամանակի մեջ, այնքան ավելի ենք զգում նրա մեծությունը»:
Մանկավարժական համալսարանում ստուդիայի և լսարանի բացումը մեծագույն ձեռքբերում համարեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նշելով. «Այս իրադարձության մեջ մեծ խորհուրդ կա. այն ոչ միայն կնպաստի կրթական գործընթացի լիարժեք կազմակերպմանը, այլև հավերժ կապրեցնի մեծանուն մարդկանց անունները»:
Միջոցառման ավարտին ռեկտորը Հասմիկ Պողոսյանին և ստուդիայի հիմնադրմանն աջակցած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգև՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Ստեփան Պողոսյանի և Արմեն Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմեր: