ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում մեկնարկեց միջազգային աննախադեպ գիտաժողով (տեսանյութ)
16.04.2012
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան ապրիլի 16-17-ին Երևանում կազմակերպել են միջազգային գիտաժողով` Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով:
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունենցավ ապրիլի 16-ին «Անի պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության մի-ջազգային ակադեմիայի նախագահ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության մի-ջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգ Բրուտյանը:
Վերջինս ողջունեց գիտաժողովին մասնակցող ՀՀ վարչապետին, ՀՀ Կրթության և գիտության նախարարին, ներկաներին, ապա հավելեց, որ փոխակերվող հասարակության կարևոր խնդիրներից է` առանց հինը դեն նետելու ժառանգել այն արժեքները, որոնք կօգնեն զարգանալ մեր ժողովրդին»:
Գեորգ Բրուտյանը ավելացրեց, որ մեր օրերում իր ներքին օրենքներով զարգացող գիտության միջոցով պետք է փորձել օգնել նաև երկրի տնտեսության զարգացմանը:
Գիտաժողովի մասնակիցներին ՀՀ կառավարության անունից ողջունեց նաև ՀՀ վարչապետ, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախա¬գահ Տիգրան Սարգսյանը:
«Մանկավարժական համալսարանի կազմակերպած գիտաժողովի թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականնների, այլև ցանկացած երկրում գործող գործադիր իշխանության համար: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար: Ուրախ եմ, որ մեր գիտնականների կողքին այսօր գտնվում են միջազգային կարգի գիտնականներ, ինչը կնպաստի մանկավարժական համալսարանի մասնագետների համագործակցությանը միջազգային մեծության գիտնակաների հետ»:
ՀՀ վարչապետն իր ելույթում նշեց նաև, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա, որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռևս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք:
Գործադիր մարմնի ղեկավարը ելույթի վերջում հավաստիացրեց, որ գիտության ոլորտի վրա այսուհետ ավելի մեծ ուշադրության կդարձվի և գիտաժողովի արդյունքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:
Լիագումար նիստում փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգա¬յին ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը «Հավիտենական տիեզերքը և մարդու դատապարտված իրավունքը. համակերպու՞մ, թե՞ նախաձեռնողականություն» թեմայով զեկույցում հայտնեց այն համոզմունքը, որ արժեքները ծնում են մտքեր` ծագելով ենթագիտակցականից:
«Գեղեցկությունը, ճշմարտությունը և բարին, որոնք մարդու համար բացարձակ արժեքներ են, ենթադրում են իդեալներ, որոնց պետք է ձգտել և հասնել մարդկային գիտակցության միջոցով:
Մարդկության արտաքին տարածությունը` առաքինություններով և թերացումներով հանդերձ, իր մեծացմանը զուգընթաց ստիպված է հանդիպել տիեզերքի անողոք օրենքներին: Կփրկվի՞ այն վերջապես շարունակական վերահարմարեցումների շնորհիվ, թե՞ հարկադրաբար կարտաքսվի Երկրի կողմից: Նախկին հեռանկարը կարող է գերակշռել միայն այն դեպքում, երբ ենթադրի մարդու բնույթից ագահության բացառում»,-համոզված է փիլիսոփայության դոկտորը :
«Արդի բազմամշակութային հասարակությունը և միջմշակութային հարաբերությունների հերմենևտիկան» թեմայով զեկույցը ներկայացրեց փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը:
Իր զեկույցում նա ընդգծեց, որ մշակութային ինքնության տեղական, տարածաշրջանային և համաշխարհային հարթությունների միջև առկա բարդագույն փոխհարաբերությունները մեծացող բազմամշակութային հասարակություններին ներկայացնում են նոր մարտահրավերներ:
Փիլիսոփայության դոկտորը կարծում է, որ պետությունների կայունության ապագան կախված կլինի մշակութային բազմազանության նկատմամաբ վերաբերմունքից:
Զեկուցման ընթացքում փորձ արվեց «քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում ուրվագծել միջմշակութային հարաբերությունների դինամիկան գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգացմանը զուգընթաց:
«Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեման ներկայացրեց Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր,Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպը: Նա իր ելույթում նշեց. «Աշխարը մեր օրերում բախվում է բազմաթիվ խոշոր խնդիրների, որոնք կարող են լուծվել համատեղ ջանքերով: Աշխարհի քաղաքացի կամ «կոսմոպոլիտ» լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարևոր խնդիրներ կան, որոնք նույնիսկ ամենաուժեղ ազգը միայնակ չի կարող լուծել: Մենք, որպես մարդիկ, աշխարհում ունենք երկու անդամություն` աշխարհի քաղաքացի և երկրի քաղաքացի: Աշխարհի քաղաքացին չպետք է դեմ խաղա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային և ազգային կյանքի պահպանմանը»:
Լիագումար նիստի ավարտին «Փսիխոպաթիա. առնչությունները փոխակերպվող հասարակության հետ» թեմայով զեկույցը ներկայացրեց Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը:
Դատակլինիկական հոգեբանության պրոֆեսորը ներկայացրեց փսիխոպաթիա երևույթի ներկայիս դրսևորումները և իր 30 տարվա աշխատանքային փորձի արդյուքները:
Դեյվիդ Կուկը վստահեցրեց, որ փսիխոպաթիան գաղափար է, որն ամրագրվել է մարդկության կողմից դեռևս հազարավոր տարիներ առաջ: «Պսիխոպաթիան ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ: Հպարտությունն այն հիմնական բաղադրիչն է, որը հանգեցնում է դրան»,-եզրափակեց Դեյվիդ Կուկը:
Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը վարչապետին շնորհեց Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանը շնրհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար` այն համարելով պարտավորեցնող:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում` 5 տարբեր սեկցիաներում զուգահեռ: