ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առավել կարևոր էր մագիստրոսների համար
17.04.2012
Ապրիլի 17-ին Մանկավարժական համալսարանում շարունակվեց փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն անցկացում էր հինգ մասնաճյուղում զուգահեռաբար: Գիտաժողովի մասնակիցները երկրորդ մասնաճյուղում այսօր շարունակեցին զեկուցումներ ներկայացնել փոխակերպական տրամաբանության խնդիրների շրջանակներում:
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ-ի կենսաբանաության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Տիգրան Թանգամյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի նախադպրոցական մանկավարժության ամբիոնի դասախոս Հասմիկ Սարգսյանի և Արցախի պետական համալսարանի դասախոս Նելիի Դավթյանի հետ համատեղ ներկայցրեց «Կենսաբանության դերը աշակերտների մտածողության զարգացման և գիտական աշխարհայացքի ձևավորման գործընթացում» թեմայով զեկույց:
Աշխատանքում ընդգծեց, որ բնական գիտությունների դերը շատ կարևոր է անհատի և հասարակության զարգացման, մարդ և բնության փոխհարաբերության, բնական երևույթներ և օրինաչափությունների բացահայտման, դրանց պատճառահետևանքային կապի գիտական և ճիշտ ընկալման, գնահատման և գործնականում կիրառման, գիտական աշխարհայացքի ձևավորման գործում: «Հանրակրթական դպրոցում գերակայում է ուսուցման առարկայակենտրոն մոդելը. այս կամ այն երևույթն ավելի հեշտ է յուրացնել և հիշել համակարգում, քան մեկուսացված: Բնության ամբողջականության ընկալման կարևոր ուղղիներից է երևույթների պատճառահետևանքային կապի բացահայտման համակարգված բնույթը և դրանց փիլիսոփայական մեկնաբանությունը»,- ասաց Թանգամյանը: Եվ հենց այդ սկզբունքով էլ մեկնաբանեց կենսաբանության դերը աշակերտների մտածողության զարգացման և գիտական աշխարհայացքի ձևավորման գործընթացում:
Այնուհետև «Գեղեցկությունը մաթեմատիկական մտածողությունում և փոխակերպական տրամաբանության հարացույցը» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՊՄՀ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի մագիստրոս Հովհաննես Սարուխանյանը: Զեկուցման մեջ առաջ քաշվեց այն տեսակետը, որ մաթեմատիկական մտածողության և մաթեմատիկական գիտելիքների առնչությամբ գեղեցկության բնութագիրը օգտակար ձևով կիրառելու համար անհրաժեշտ է իրականացնել նման մոտեցումների վերլուծություն` ղեկավարելով փոխակերպական տրամաբանության հարացույցով, բացահայտելով ոչ բացահայտ եղանակով օգտագործվող կանխադրույթները և այդ վերլուծական հենքի վրա իրականացնելով համապատասխան հիմնադրույթների ու հասկացությունների ճշգրտումը:
Որից հետո նույն ֆակուլտետի մագիստրոս Գոհար Շահբազյանը «Ֆիզիկայի զարգացման պատմությունում պարադոքսների դերի փոխակերպական վերլուծությունը» թեմայով զեկույցի ընթացքում խոսեց այն մասին, որ մինչ այդ պարադոքսների հաղթահարումը շրջանառության էր արժանացրել հեգելյան այն տեսակետը, որ հնարավոր չէ շարժման անհակասական տեսական նկարագրությունը, քանի որ այն իրենից ներկայացնում է հակասությունների միասնություն ու պայքարի արդյունք:
Զեկուցողն անդրադարձավ, որ Գեորգ Բրուտյանի փոխակերպական տրամաբանության հարացույցը ուղեցույց է ծառայում Զենոնի պարադոքսների լուծման և մեխանիկական շարժում հասկացության անհակասական տեսական նկարագրության համար:
Իսկ վերջում մագիստրոս Մարիամ Գևորգյանը ներկայացրեց «Շարժման հիմնահարցը միկրոաշխարհում. փոխակերպական վերլուծություն» թեմայով ամփոփիչ զեկույց: «Փոխակերպական վերլուծությունը կարող է նպաստել տարածության, ժամանակի և շարժման կատեգորիաների բովանդակության ճշգրտմանը և նրանց միանշանակ օգտագործմանը»,- ընդգծեց զեկուցողը: Նա նշեց, որ նման հետազոտությունների կարիքը հատկապես զգացվում է միկրոաշխարհի երևույթների ուսումնասիրության ոլորտում, քանի որ այստեղ կիրառելի չեն այնպիսի հիմնային կատեգորիաներ, որպեսիք են համակարգի տարածական ներքին կառուցվածքը և միկրոաշխարհի օբյեկտների կազմի մեջ մտնող տարրական մասնիկների շարժման ուղեծիրը:
Մագիստրոսներին այս մասնաճյուղում այսօր ավելի մեծ հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց զեկույցները, և ծավալված բուռն քննարկման արդյունքում նրանք բացահայտեցին և լսեցին նոր մտքեր ու տեսակետներ, որոնք հետագայում պետք է զարգանան և դառնան նոր աշխատանքների նյութեր:
Երրորդ մասնաճյուղում շարունակեցին ներկայացնել և քննարկել զեկուցումներ, որոնք վերաբերում էին մետափիլիսոփայության և փաստարկման տեսության հիմնահարցերին: Այդ տեսանկյուններից նոր մոտեցումներով իրենց զեկուցումները ներկայացրին բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Բրուտյանը(ԵՊՀ ռուսաց լեզվաբանության տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ), քաղաքագիտության դոկտոր Արթուր Աթանեսյանը(ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արսեն Մելիքյանը(ՀՊՃՀ), ինչպես նաև ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Լուսինե Տանաջյանը:
Ըստ զեկուցումների`քննարկվեցին «Կանխենթադրույթները, հետևությունները և հարակից հասկացությունները», «Արդի սոցիալական իրականության մասին գիտելիքը` որպես փիլիսոփայական իմաստավորման գնահատման մետափիլիսոփայական աղբյուր», «Փիլիսոփայական և բանասիրական նախադրյալները թարգմանչական վարպետության և տեսության ձևավորման ու զարգացման գործառույթներում», «Ի±նչ են ասում առակները(Ավ. Իսահակյանի ստեղծագործությունների օրինակով)»:
Զեկուցումների շուրջ ծավալվեց գործարար բանավեճ-խոսակցություն, ներկաներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել զեկուցողներին:
Աշխատանքային խումբը հետաքրքիր քննարկումների արդյունքում փորձեց գտնել դեռևս չլուծված գիտական մի շարք հիմնախնդիրների լուծումները` տալով դրանց առավել նոր, ճշգրիտ հիմնավորումներ:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դեկտոր, ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն ամփոփելով միջազգային գիտաժողովն ասաց. «Այս ամենն ավելի քան կարևոր է հենց մագիստրոսների համար, սա նրանց տրված լավագույն հնարավորությունն էր: Շատ բարյացակամ մթնոլորտ էր և հետաքրքիր քննարկումներ եղան: Պարզապես կարծում եմ, որ զեկուցող ուսանողներն ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեն իրենց աշխատանքներին և ավելի հստակ ներկայացնեն աշխատանքում վեր հանված խնդիրները»: Իսկ Տիգրան Թանգամյանն ավելացրեց, որ այս մասնաճյուղի քննարկումների արդյունքում մտածելու, տրամաբանելու և աշխարհայացք ձևավորելու խնդիր առաջացավ: