ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գիտությունը սահմաններ չի ճանաչում, քանի որ բնությունն անսահման է»
17.04.2012
Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ 90-ամյակի շրջանակներում անցկացվող «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովի հանդիսավոր փակումը:
Բացման խոսքով հանդես եկավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, իր խորին երախտագիտությունը հայտնեց նրանց` համատեղ աշխատանքի համար. «Փիլիսոփայական և հոգեբանական թեմատիկայով այս միջազգային գիտաժողովը իր ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ էր Մանկավարժական համալսարանի համար: Մենք վստահ ենք, որ նման գիտաժողովների անցկացումը կլինի շարունակական, ավելի կատարյալ և բովանդակալից»:
Գիտաժողովին նախորդող օրը համաշխարհային ճանաչում վայելող պրոֆեսորները հանդես էին եկել բաց դասախոսություններով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հասարակության մեջ:
Ելնելով նշված հանգամանքից` «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչումով և «Դավիթ Անհաղթ» մեդալով պարգևատրվեցին փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը, Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն, Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Հանս Կոխլերը, դատական կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Գլազգոյի Կալեդոնիան համալսարանի, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկը և Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության ֆակուլտետի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ Պիտեր Կեմպը:
Վերջիններս իրենց շնորհակալությունը հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր պարգևների համար:
Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգ Բրուտյանը: Վերջինս կարևորեց նման միջազգային գիտաժողովների կազմակերպումը և մասնակիցներին խորհուրդ տվեց միշտ ձգտել` առաջին տեղում հայտնվել. «Գիտության մեջ չպետք է հանգստություն ունենալ: Գիտաժողովը հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ, բայց բացահայտեց երիտասարդ սերնդի գիտնականների»:
Գեորգ Բրուտյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին շնորհեց «Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի» կոչում և «Դավիթ Անհաղթ» մեդալ:
Մինսկի պետական համալսարանի փիլիսոփայական գիտությունների և գաղափարախոսական աշխատանքների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բերկովին Գեորգ Բրուտյանը շնորհեց «Հայոց փիլիսոփայական ակադեմիայի արտասահմանյան անդամի» կոչում, իսկ ՀՊՄՀ Կրթության հոգեբանության եւ սոցիալոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին` «Ակադեմիայի թղթակից անդամի»:
«Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամի» կոչման արժանացան նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը:
«Դավիթ Անհաղթ» մեդալով պարգևատրվեցին նաև գիտաժողովի մասնակիցներ Անա Բազակը, Ասբեդ Արիյանը, Յուհա Ռայկան, Ռիտա Կոյումջյան-Երամյանը, Մանուկ Մկրտչյանը, Ռուբեն Համբարձումյանը, Լիլիթ Բրությանը, Վիլ Պողոսյանը, Ռոբերտ Ջիջյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նաիրա Հակոբյանը Հասմիկ Հովհաննիսյանը,համալսարանի պրոռեկտորներ` Արա Երեմյանը, Արմեն Թամազյանը, Մհեր Մելիք-Բախշյանը, Տիգրան Այվազյանը: