ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆրանսուա Նո. «Քաղաքակրթվելը կօգնի պայքարել ցեղասպանությունների դեմ»
17.04.2012

ՀՊՄՀ-ում ամփոփվեց «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով աննախադեպ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի հանդիսավոր փակումից հետո համաշխարհային հռչակ վայելող գիտնականները, նախքան Հայաստանից մեկնելը, այցելեցին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան:

Հայերեն ձեռագրերի մատյանների ամենախոշոր պահոցում օտարեկյա հյուրերը ծանոթացան հայկական հնագույն ձեռագրերին, արխիվային փաստաթղթերին ու հնատիպ գրքերին:

Տպավորված գիտամշակութային կենտրոնում տեսածով` նրանք մեկնեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից ծաղկեպսակ դրվեց 1915թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ապա հյուրերը հետ անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Օտարերկյա գիտնականներն եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտում: Հյուրերին դիմավորեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ցուցասեղաններում տեղ գտած լուսանկարները, ականատեսների վկայությունները և փաստաթղթերը նրանց ծանոթացրին 1915թվականի Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված կոտորածների և վայրագությունների մասին:

Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական նյութերին ծանոթանալուց հետո Գլազգոյի Կալեդոնիան համալսարանի, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկն ասաց. «Շատ տպավորված եմ այս հուշահամալիրով և ցավում եմ, որ նոր սերունդն ու նույնիսկ իմ հասակակիցները քիչ բան գիտեն Հայոց Ցեղասպանության մասին: Առավել մոտիկից ծանոթանալով Ձեր պատմությանը և Ձեր ժողովրդին հույս ունեմ, որ մոտ ապագայում առավել շատ թվով երկրներ կճանաչեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

Հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն ևս տպավորված էր տեսածով: «Արդեն երկրորդ անգամ է, որ լինում եմ այս թանգարանում և նույն դողն է անցնում մարմնովս: Յուրաքանչյուրիս պարտքն է մեր աշխատանքով տեղեկացնել և աշխարհին կրկին հիշեցնել Հայոց Ցեղասպանության մասին: Ես կարծում եմ, որ կրթությունը միակն հույսն է քաղաքակրթվելու և այս գիտաժողովը կօգնի հիշեցնել ու պայքարել ցեղասպանությունների դեմ»,- եզրափակեց հոգեբանության դոկտորը: