ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեպի համաշխարհային իրավական կարգ ու կանոն
18.04.2012
Մանկավարժական համալսարանում շարունակում են բաց դասախոսություններ կարդալ համաշխարհային ճանաչում վայելող գիտնականները:
Բուհի ուսանողները, մագիստրոսներն ու ասպիրատներն այս անգամ հնարավորություն ունեցան լսել Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր (Դանիա), Կրթության ֆակուլտետի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP)նախագահ Պիտեր Կեմպին:
Պրոֆեսորը, նախքան դասախոսությանն անցնելը, կրկին շնորհակալություն հայտնեց հրավերքի համար` ներկաներին հորդորելով դասախոսությունից հետո ցուցաբերել գործնական ակտիվություն:
«Դեպի գլոբալ օրինակարգ»-ը թեմայով դասախոսության ընթացքում նա ներկայացրեց «համաշխարհային հարաբերություններ»-ի էությունը:
«Անկախ մեր կամքից, մենք բոլորս ապրում ենք քայքայված ու կորած «նույն նավում»: Եվ եթե ուզում ենք խաղաղ ապրել ու լինել աշխարհիս երեսին, ապա կարևոր է ճանաչել համաշխարհային կարգի մի շարք նորմեր»,-ասաց Պիտեր Կեմպը:
Դանիացի պրոֆեսորը կարծում է, որ չափազանց դժվար է մեր օրերում մարդասիրական օրենքներ մշակելը, սակայն համախմբվածությամբ կարելի է հասնել նրան, որ քաղաքականության և կրթության մեջ հաղթի պահանջարկի տրամաբանությունը:
«Ներկայիս առևտրային և տնտեսական կյանքը կարող է նպաստել այդօրինակ կարգ ու կանոնի գործնական անհրաժեշտությունը հասկանալուն»,- վստահ է պրոֆեսորը:
Դասախոսության ավարտին ներկաները հանդես եկան հետաքրքիր հարցադրումներով:
«Երկրի քաղաքացիներին» հետաքրքրում էր արդյո՞ք իրավական կարգ ու կանոնի չափանիշները մեկընդմիշտ տրված են, հասարակական կյանքի ապահովման համար ստեղծվող կամ ստեղծվելիք միֆն այսօր պարտադիր պե՞տք է իրավական դաշտում և ի վերջո անիմաստ չէ արդյո՞ք պայքարել համընդհանուր խաղաղության համար, եթե ոչ բոլորն են դա ցանկանում:
Նոր մեթոդներ` անձի մեջ բռնության ռիսկը գնահատելու համար
«Անձի մեջ բռնության ռիսկի գնահատումը» թեմայով դասախոսությամբ այսօր Մանկավարժական համալսարանում հանդես եկավ Գլազգոյի Կալեդոնիան Համալսարանի դատական կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկը:
Նա ներկայացրեց բռնության ռիսկի գնահատումը Շոտլանդիայի բանտերում և տարբեր առողջապահական հաստատություններում: Նա այն համոզմունքին է, որ հավանական միջոցների և անհատական մոտեցումների շնորհիվ կարելի է գնահատել` անձը հակվա՞ծ է բռնության, թե ոչ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատել անձի` նաև մեղանչելու հավանականությունը:
Դասախոսության ունկնդիրների համար պարզ դարձավ, որ ընդհանուր մոտեցումներից բացի, քրեական ռիսկի նվազեցման համար պետք է կիրառել հոգեբանական ամենատարբեր մոտեցումներ` պարզել անձի կենսագրությունը, դժգոհությունները, ֆիզիկական վիճակը, բանտի օրակարգն ու նրա անվտանգության երաշխիքները:
Դասախոսության ողջ ընթացքում բոլոր գիտական փաստարկներն ապացուցվում էին պատկերային ներկայացումներով ու գծապատկերներով:
Դասախոսության ավարտին ներկաները հնարավորություն ունեցան մասնագիտական հարցեր ուղղել ոլորտի առաջատար մասնագետ Դեյվիդ Կուկին: