ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական կենցաղը` նկարիչների աչքերով
19.04.2012

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի և գծագրության բաժինը ֆակուլտետի ցուցասրահում կազմակերպել էր հայկական կենցաղը պատկերող գրաֆիկական և քանդակագործական աշխատանքների ցուցադրություն:

Այն հաշվետու ցուցադրություն էր, քանի որ ներկայացված էին բակալավրի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ավարտական աշխատանքները:
«Այսպիսի` գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն առաջին անգամ է կազմակերպվում: Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ առաջին քայլերն ենք անում` հանդես գալով ցուցադրությամբ»,-ասաց Գծանկարի և կերպարվեստի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Պողոսյանը:
Նույն ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Քեշիշյանն այս ցուցադրությունը համարում է ուսումնական գործընթացի անբաժան մաս և կարծում, որ այս ցուցադրությունից մասնագիտական դասեր կարող են քաղել նաև ներկայիս նկարիչ ուսանողները: «Յուրաքանչյուր ուսանող ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է իր ներաշխարհը: Նկարչության բնագավառում կատարյալ աշխատանք գրեթե չկա. ցուցադրության ներկայացված աշխատանքներում թերությունները հասցված են նվազագույնի»,-ավելացրեց ցուցադրության կազմակերպիչ Արտաշես Քեշիշյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ առաջին անգամ կազմակերպված այսպիսի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը կնպաստի նաև այլ պատկերասրահներում ներկայանալուն:
Նկարիչների միության անդամ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի քանդակի ուսումնական վարպետ Արմեն Առաքելյանն այս ցուցադրությունը կրկնակի է կարևորում. «Նման աշխատանքների դիտումը ուսանողի համար գործնական մեծ նշանակություն ունի, իսկ ցուցադրողների համար առիթ է ցույց տալու իրենց ուսումնառության տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը»:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանն էլ ցուցադրությունը կարևորեց մանկավարժության տեսակետից, քանի որ գործնական նշանակություն ունեցող այդ աշխատանքները շրջանավարտները պիտի շարունակեն նաև դպրոցում:
Ցուցադրությանը ներկա էին բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները: