ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կամավորների դպրոցը Հայաստանում դեռևս կայացած չէ
11.05.2012
Մանկավարժական համալսարանի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում այսօր տեղի ունեցավ կամավորական աշխատանքների հարցերի շուրջ գործնական սեմինար-քննարկում: Ծրագիրը մեկնարկեց հենց Մանկավարժական համալսարանում, քանի որ համալսարանը «Ներառական կրթության իրականացման» ծրագրի մաս է կազմում: Ուսանողներին ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում կամավորական աշխատանքը, ովքեր կարող են լինել կամավորներ, ինչ է անհրաժեշտ կամավոր լինելու համար, խոսվեց բոլոր այն խնդիրների և հարցերի շուրջ, որոնք առնչվում էին կամավորությանը:
Կամավորությունը չվարձատրվող, գիտակցված, կամավոր գործունեություն է` ի բարօրություն ուրիշների: Կամավորությունը հնարավորություն է երիտասարդների համար` ներգրավված լինել հասարակական կյանքում և ազդել դրա վրա:
Կամավորը ոչ թե պարզապես կազմակերպության հանձնարարություններն է կատարում, այլ փորձ է ձեռք բերում. այն անհատույց գործունեություն է:
Սեմինարին ուսանողներն ակտիվ մասնակցում էին, տեղում կատարում խմբային աշխատանքներ, և հենց իրենք էլ որոշում ու ներկայացնում էին կամավորական աշխատանքի առավելություններն ու թերությունները:
Կամավորական աշախատանքը, ըստ նրանց, մարդու ազատ, բարի կամքի դրսևորումն է` ի նպաստ հասարակության, այն անշահախնդիր, հանրօգուտ աշխատանք է, բարեգործության դրսևորման ձև, փորձ և գիտելիք ձեռք բերելու լավ հնարավորություն, սոցիալական պատասխանատվություն, սեփական ունակությունները ուրիշի հետ կիսելու հնարավորություն և այլն:
Պատմական ակնարկում անդրադարձ կար այն մասին, որ կամավորական աշխատանքի դրսևորումները նկատելի են եղել դեռևս Աստվածաշնչում: Իսկ միջազգային կամավորությունը սկիզբ է առել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մի խումբ ֆրանսիացի երիտասարդներ օգնություն են ցուցաբերել մարդկանց` օգնելով վերակառուցել իրենց տները:
«Նման միջոցով փորձում ենք տեղեկացնել և պատրաստել ուսանողներին իրենց մասնագիտական և ոչ մասնագիտական կյանքում անհրաժեշտության դեպքում կատարելու կամավորական աշխատանք: Դա նաև ուսանողին լավագույն հնավարությունն է տալիս փորձ ձեռք բերել: Նման սեմինարների միջոցով կարծում եմ կմեծանա կամավորների թիվը Հայաստանում»,- ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինե Ասատրյանը:
Ներկայացվեց նաև, թե ովքեր կարող են ներգրավված լինել կամավորական աշխատանքներում, ինչպիսի՞ոլորտներում կարող են աշխատել, ինչպե՞ս և ի՞նչ ծրագրերի միջոցով կարող են ընդգրկվել միջազգային կամավորական աշխատանքներում:
Խմբային աշխատանքի միջոցով ուսանողները կամավորներին առանձնացրին ըստ նախասիրության և մասնագիտական որակների, և հանգեցին նրան, որ Հայաստանում այսօր, իհարկե կան շատ կազմակերպություններ, որոնք հնարավորություն են ընձեռում զբաղվել կամավորական աշխատանքով, «սակայն կամավորների դպրոցը դեռևս մեզանում կայացած չէ, և մենք դրա կառուցման փուլում ենք»,-արձանագրեցին քննարկման մասնակիցները:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր Ուսանողական խորհրդի սոցիալական հանձնաժողովը: