ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորով և գեներալով
11.05.2012
Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ծնունդով կապանցի է: Անսահման հայրենասիրությունն ու երկրի օրհասական վիճակը նրան ստիպել են թողնել ծառայությունը ռուսական բանակում, վերադառնալ հայրենիք և մասնակցել արցախյան գոյամարտին, իսկ հետագայում` նաև ազգային բանակի կազմավորմանը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հնարավորություն ունեցան անձամբ Մուրազ Սարգսյանի մեկնաբանմամբ ծանոթանալ նրա զինվորական փորձին ու ունակություններին:
Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Պատմության և իրավագիտությանֆակուլտետը Արհմբյուրոյի հետ միասին:
Բուհ հրավիրված գեներալ-լեյտենանտը ներկաներին պատմեց Լաչինի միջանցքի, իր հայրենի երկրամասի` Կապանի, ինչպես նաև Գորիսի, Մեղրու և Սիսիանի շրջաններում պաշտպանական մարտերի, մարտական գործողությունների և դրանք հաջողությամբ իրագործելու գաղտնիքների մասին:
Արցախյան գոյամարտի մասնակցի մոտ տարիներ անց էլ թարմ են հիշողությունները ռազմական գործողությունների, թշնամու վախկոտ, ու դրան հակառակ` հայի քաջ կերպարի մասին. «Թուրքը, որ վազում է, հետևից բռնել չի լինում»,-քմծիծաղով ասում է բազմավաստակ գեներալը, ապա ապագա պատմաբան-զինվորներին կոչ անում միշտ պատրաստ լինել ու չվախենալ պատերազմից:
Հայոց բանակի զորամասերն այսօր էլ ղեկավարում են բազմաթիվ շքանշանների ու մեդալների արժանացած Մուրազ Սարգսյանի մշակած կանոնագրքերով, ծրագրերով, մեթոդաբանական ձեռնարկներով:
Արցախյան գոյամարտի մեկ այլ մասնակից` Ղափանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանն, ի տարբերություն մարտական ընկերոջ` ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած պատմությունները ներկայացրեց հումորով և փոքրիկ բեմականացմամբ:
«Ուրախալի է, որ մենք սկսել ենք խոսել, հիշել մեր հայրենքի պաշտպանության, մեր զինվորականների և մեր երիտասարդության մասին: Հայ զինվորի հերոսության մասին խոսելով չպետք է մոռանալ նաև նրա տաղանդի մասին: Շուշիի ռազմական օպերացիան համաշխարհային ռազմարվեստում եզակի դեպք է,-ասաց Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը: Երկու կետ կա Անդրկովկասում` Շուշիի անառիկ ամրոցը, որն ազատագրել է հայ զինվորը, և Կարսի բերդը, որը ևս պետք է վերադարաձնել:Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորներով և գեներալներով»,- եզրափակեց պատմաբանը:
Ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգիր և իր հեղինակած «Անձնուրաց ծառայություն» հուշերի գիրքը հանձնեց հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանին, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանին, Իրավագիտության ամբիոնի դասախոս Վանիկ Մխիթարյանին, Հումանիտար ընթերցանության սրահի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին, և նույն ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին:
Արհմբյուրոյի նախագահ Իսկուհի Լափայանը արցախյան ազատամարտում հայրենիքին մատուցած անուրանալի ծառայության համար շնորհակալագրեր հանձնեց Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մարտիրոսյանին և Իրավագիտության ամբիոնի դասախոս,երկրորդ դասի խորհրդական Վանիկ Մխիթայանին:
Ոգեշնչված հայրենասիրական պատմություններով` միջոցառման ավարտին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից մեկը հերոսներին նվիրեց Գուսան Հայկազունու «Պիտի գնանք» երգի կատարումը` հավաստիացնելով, որ նոր սերունդը «Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ»: