Երեւանի Ժուռնալիստների միության շենքի մոտ բացվեց հայտնի մանկավարժ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1999 թվականից ՌԴկրթության ակադեմիայիակադեմիկոս Լեմվել Վալեսյանի հուշատախտակը:
Քանդակագործ Սմբատ Մկրտչյանի, ճարտարապետներ Լուսին Մամյանի ու Աշոտ Արշակյանի հեղինակած հուշատախտակի բացման պատիվը վստահվեց ակադեմիկոսի որդուն` Ռուբեն Վալեսյանին և ազգականին:
Միջոցառմանը ներկա էին Լեմվել Վալեսյանի հարազատները, ընկերները, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, մշակույթի ականավոր գործիչներ:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Տնտեսական աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանը, ներկայացնելով աշխարհագետին, նկատեց. «Դժվար է խոսել մի մարդու, գիտնականի մասին, որը երկար տարիներ աշխարհագրության բնագավառում եղել է իր ժամանակի գիտական հսկաներից մեկը: Լեմվել Վալեսյանը հեղինակել է դպրոցական և բուհական բազմաթիվ գրքեր, աշխարհաքաղաքական քարտեզներ»:
«Մեծ հայրենասեր, պետական մտածող, մարդ, ում միջոցով Խորհրդային տարիներին ճանաչում էին Հայաստանի աշխարհագրությունը,-Լեմվել Վալեսյանին բնութագրելով նշեց Երևանի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական աշխարհագրության միության նախագահ Մաքսիմ Մանասյանը, եւ ավելացրեց,-կես կատակ, կես լուրջ ասում են, որ Հայաստանի տնտեսական ինքնուրույնության հիմքերը դրվեց գիտությանն անմացորդ նվիրված հենց այս գիտնականի միջոցով, ում շնորհիվ ձևավորվեցին շատերի գիտական հայացքներն ու ամրապնդվեցին աշխարահագրական գիտելիքները» :
Նշենք, որ ակադեմիկոս Լենվել Վալեսյանը երկար տարիներ դասախոսել է Երևանի պետական համալսարանում:Եղել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ:
1971-1977թվականները ղեկավարել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսական աշխարհագրության եւ աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, իսկ 1979 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է նույն ինստիտուտի ռեկտոր եւ այդ պաշտոնը վարել է մինչև 1987թվականը: Լեմվել Վալեսյանը 2010 թվականին, 81 տարեկան հասակում, կնքեց իր մահկանացուն: Կյանքի վերջին երկու տարում նա համատեղությամբ դասավանդում էր նաեւ Մանկավարժական համալսարանում: