Կայացավ Մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության 3-րդ հանձնաժողովի նիստը:

Նիստը վարում էր Արհկոմի ամենատարեց պատվիրակ, համալսարանի «Մշակույթ»-ի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:
Արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը, ամփոփելով իր նախագահությամբ արհկոմի 2007-2012 թվականների կատարած աշխատանքները, նշեց, որ բուհի արհեստակցական կազմակերպությունը ղեկավարվելով համերաշխության, ժողովրդավարության և օրինականության սկզբունքներով, իր գործունեությունը նպատակաուղղել է արհմիության անդամների աշխատանքային և սոցիալական շահերի պաշտպանությանը:
«Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է արհկոմիտեի 57 նիստ, որտեղ քննարկվել են համալսարանի առօրյային` միջոցառումների կազմակերպմանը, նյութական օժանդակությանը, աշխատողների իրավունքներին, աշխատանքային կարգապահությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր: Պարբերաբար քննարկվել են համալսարանի աշխատակազմի և ուսանողության սոցիալական վիճակը, անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվել է նյութական աջակցություն: Արհկոմը համագործակցել է նաև մշակութային օջախների հետ, նպաստել աշխատողների և ուսանողների ազատ ժամանցի կազմակերպմանը, նրանց գեղագիտական, ճանաչողական, հայրենասիրական և մարդասիրական ոգու դաստիրակությանը»,-հավելեց Հասմիկ Սարգսյանը:
Այնուհետև Կարեն Խանյանը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, որին հաջորդեց արհկոմի նախագահի ընտրությունը:
Բաց քվերակության արդյունքում միաձայն արհկոմի նախագահ վերընտրվեց Հասմիկ Սարգսյանը: Վերջինս խոստացավ աշխատել առավել արդյունավետ և արհմիութենական դաշտի ուժեղացման համար նորընտիր Ազգային ժողովին առաջարկել օրենսդրական փոփոխություններ:
Նշենք, որ Մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում`որպես իրավաբանական անձ: Այն գործում է ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի», «Արհմիության մասին» օրենքի, ՀՊՄՀ-ի կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա: