ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նախկին դասախոսներն այսօր կրկին հարազատ բուհում էին
09.07.2012
Հատուկ կրթության ֆակուլտետի հրավերով այսօր համալսարանում հյուրընկալել էին բուհի նախկին դասախոսներ Նարինե Լութոնյանն ու Հովհաննես Աղավելյանը:
Նարինե Լութոնյանը 1983-1994 թվականներին դասավանդել է Մանկավարժական համալսարանի Դեֆեկտոլոգիայի բաժնում, իսկ 1997 թվականից մինչ օրս իր գործունեությունն է ծավալում Իսպանիայում` ղեկավարելով «Փախստականների պետական կոմիտեի հոգեբանական ծառայություն»-ը և «Միայնակ մայրերի համաեվրոպական հիմնադրամ» նախագիծը:
Դեֆեկտոլոգիայի ամբիոնի նախկին ղեկավար Հովհաննես Աղավելյանը ներկայումս Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի շտկողական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր է:
Դասախոսությանը ներկա էին ոլորտի տարբեր սերունդների մասնագետներ, որոնցից մի քանիսը բանախոսների ուսանողներն են եղել, իսկ մյուսները` պարզապես նախկին գործընկերներ:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ավագյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Այսօր յուրահատուկ տոն է մեզ համար, քանի որ ուսումնական տարվա վերջին օրն ամփոփում ենք գիտելիքով: Մեր հյուրերն իրենց ուրույն հետքն են թողել հայրենական և համաշխարհային հատուկ կրթության ոլորտում:
Նրանք իրենց մեծ ավանդն են ունեցել ուսանողների մասնագիտական հաջողություններում: Ես հպարտ եմ նրանց ուսանողը լինելու համար, և ուրախ, որ իմ ուսանողները վերջիններիս դասախոսությունը լսելու հնարավորություն ունեն»:
Նարինե Լութոնյանը շնորհակալություն հայտնեց հրավերի, 20 տարի անց Մանկավարժականում կրկին դասախոսելու և ջերմ ընդունելության համար:
Խոսելով երեխաների հոգեվիճակի վրա սոցիալական հիմնախնդիրների անդրադարձի մասին` Նարինե Լութոնյանը ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնների գործառույթները, ինչպես նաև` հոգեբանության ոլորտում տարիների ընթացքում ձեռք բերած շոշափելի արդյունքները:
«Սկզբանական շրջանում աշխատել եմ Իսպանական թագավորությունում «Փախստականների, ապաստան փնտրողների կոմիտե»-ում, ապա, հասկանալով, որ ամբողջ աշխարհում մասսայական բնույթ են կրում տնտեսական և սոցիալական փոփոխությունների հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները, սկսեցի ղեկավարել նաև այլ ծրագրեր»,-ասաց Նարինե Լութոնյանը, ում առաջարկով էլ Իսպանիայում հիմնվել են վերոնշյալ ծառայությունն ու նախագիծը:
Խոսելով «Միայնակ մայրերի համաեվրոպական հիմնադրամ» նախագծի մասին` Լութոնյանը նկատեց, որ սոցիալական ծրագրի միջոցով փորձ է արվում ֆինանսապես և հոգեպես օգնություն ցուցաբերել միայնակ մայրերին:
Վերջինիս դասախոսությանը հաջորդեց Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի շտկողական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, Դեֆեկտոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ Հովհաննես Աղավելյանի` «Հատուկ կրթության համակարգը Ռուսաստանում» թեմայով դասախոսությունը:
Դասախոսությունների ավարտին ներկաները հյուրերին ուղղեցին մասնագիտական հարցեր, որոնց շուրջ ծավալվեց բուռն և հետաքրքիր քննարկում: