ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նախագծային աշխատանք՝ «Հայոց պատմություն»-ից
02.05.2025
Նախագծային աշխատանք՝ «Հայոց պատմություն»-ից

«Պատմահարց», «Հայ նշանավոր կանայք», «Փորձության ուղի», «Գուշակեմ ինձ», «Արի Արարատ», «Վասպուրականի վերապրող», «Գուշակիր երկրորդ աշխարհամարտի հայ հերոսներին»․ այս և այլ անվանումներն ունեն «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում ստեղծված խաղերը։

Դրանք հեղինակել են Կուլտուրայի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետների  «Պարարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Կերպարվեստ» մասնագիտությունների ուսանողները։

20-ից ավել խաղ, որ ներկայացվեց բաց դասի շրջանակներում, որպես նախագծային աշխատանքների ամփոփում, նպատակ ունեն արվեստի լեզվով բացահայտել հայոց պատմության ամենաթաքնված և գողտրիկ անկյունները, տպավորել հայ ժողովրդի  պատմամշակութային ժառանգության բացահայտումներով, օգնել խաղացողին ավելի մոտ լինել հայրենիքին, ճանաչել իր հերոսներին, խթանել  պատմության վերաբերյալ գիտելիքների հարստացումը, արագ մտածելու, կողմնորոշվելու ունակությունը։

Սեղանի ժամանցային խաղերից մինչև Երևանի մետրոպոլիտենի կայարանները բնութագրող  գրքույկներ՝ իրենց  QR-ներով, նաև ձեռագործ տիկնիկներ ու մեկը մյուսից հետաքրքրական, տարբերվող, նորարական այլ խաղեր, խճանկաներ, տեսահոլովակներ․ինչպես ուսանողներն են նշում՝ պատմություն  կարելի է սովորել նաև ստեղծագործելով, որ խաղի միջոցով հերոսական անցյալն առավել հեշտ ու հասանելի դառնա, ինչպես նկարիչն է իր վրձնով կենդանացնում անցյալը։

Այդ խաղերից մեկն էլ «Փորձության ուղի»-ն է, որ հնարավորություն է տալիս հաղթահարել դժվարությունները՝ պատասխանելով պատմական հարցերին, ճիշտ որոշումներ  կայացնել, որ հասնեն փրկության վայր՝ կառուցելով Ծիեռնակաբերդի հուշահամալիրը։ Խաղի ստեղծողներն ասում են՝ Ծիծեռնակաբերդը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը, հիշողությունն ու վերապրելու ոգին․ այդ է պատճառը, որ վերջնական նպատակ է ընտրվել հենց այս կառույցը։

Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարիամ Եղյանը, որ դասավանադում է ոչ մասնագիտական ֆակուլտետներում, նշում է՝ սա մի համեստ փորձ էր այլ մասնագիտություններ ընտրած ուսանողներին մոտեցնելու առարկային և հնարավոր աշխատանքի միջոցով սինթեզելու այն նրանց մասնագիտության հետ։ Կարծում է, որ խաղերն ամբիոնի վերջնական հավանությանն արժանանալու պարագայում,  դպրոցում պատմության դասավանդման մաս կարող  են դառնալ․ խաղային   մեթոդով ավելի հետաքրքիր է ներկայացնել պատմությունը, մի մասն էլ կարելի է կիրառել ավելի բարձր տարիքային խմբերի համար՝ որպես ժամանցային խաղեր՝ մեր հասարակությանը հայոց պատմությանը մոտեցնելու համար։

Բաց դասին  ներկա Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր  Նաիրա Սաֆարյանը տպավորված է․ դժվար է պատկերացնել, թե այլ բաժինների ուսանողներն ինչպես կապ կհաստատեն իրենց մասնագիտության և «Հայոց պատմության» առարկայի դասընթացի միջև․ «Մեծ բավականություն ստացա»,- նշեց նա և ընդգծեց՝ առաջիններից մեկն է, որ մասնակցել է քննարկմանն ու ողջունել նախագծային աշխատանքի մուտքը դպրոց։

Պրոռեկտորն իր նկատառումները ներկայացրեց խաղերի վերաբերյալ․ կարծում է, որ   գաղափարները պետք է զարգացնել և կիրառել գործնականում։

Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանն առաջարկեց նախագծային աշխատանքներ ստեղծելիս համագործակցել ամբիոնի հետ՝ մասնագիտական ձևակերպումների խմբագրմանն աջակցելու առումով։

Նրա  կարծիքով, ներկայացված որոշ խաղեր կարելի է կիրառել դպրոցական մի քանի դասագրքերի շրջանակներում՝ շահագրգռելով աշակերտներին․ «Սա մշակույթ է՝ զուգորդված մեր պատմության հետ․ հետագա աշխատանքներում պետք է համագործակցել  ֆակուլտետի հետ, իսկ որոշ խաղեր կարելի է կիրառել մանկավարժական պրակտիկայում՝ գործնականում դասի վերածելով»,-նշեց Էդիկ Գևորգյանն ու շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ առարկայի շրջանակներում հայրենի պատմության նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար։