ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նախագծային աշխատանք՝ «Թումանյանի հերոսները․ հեքիաթ և իրականություն»
22.05.2025
Նախագծային աշխատանք՝ «Թումանյանի հերոսները․ հեքիաթ և իրականություն»

Հովհաննես Թումանյանի գրական դասերն անվերջանալի են,  ուսուցանող, հեքիաթների աշխարհը՝ առինքնող և ուսանելի։   

ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարանի լրագրության հոսքի 10-րդ դասարանցիները՝ դասղեկ Նարինե Գևորգյանի ղեկավարությամբ, իրենց տարեվերջյան նախագծային աշխատանքը՝ «Թումանյանի հերոսները․հեքիաթ և իրականություն» խորագրով, նվիրել էին Թումանյանի հեքիաթներին։ Սովորողները գործի էին դրել իրենց երևակայությունը և ստեղծել նոր՝ իրականության հետ աղերսներ ունեցող հեքիաթ․ հերոսներն էին Չախ-չախ թագավորը, Քաջ Նազարը, Անբան Հուռին, Անխելք մարդը, Շունն ու կատուն, Պոչատ աղվեսը, Ծիտը․․․

Թումանյանական հեքիաթների հերոսները Չախ-չախ թագավորի հրամանով ու հորդորով պետք է հաղթեին հրեշին և Եդեմական ծաղիկը հասցնեին պալատ՝ թագավորի աղջկան։

Թումանյանական հերոսներին կերպավորող աշակերտ-խոսող տիկնիկների խաղը  հետաքրքիր էր ու գրավիչ, խոսքը վարժ էր, խաղը՝ ներկայանալի․ հանդիսատեսը կարծես գտնվում էր Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Լոռվա գունագեղ կոլորիտով լցված  դահլիճում թևածում էին Մեծ լոռեցու  ստեղծագործությունների շունչն ու ոգին։  Տիկնիկային հեքիաթ-ներկայացումն ընթանում էր ժողովրդական հայտնի երգերի համադրմամբ՝ ստեղծելով հեքիաթին բնորոշ միջավայր։

«Միասնությունը ուժ է․ միայն միասնական ջանքերով, համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ կարելի է հասնել նպատակներին։ Այդպես էլ տիկնիկ-հերոսների խումբը կարողացավ թագավորական պալատ հասցնել Եդեմական ծաղիկը, իսկ հեքիաթի երեք խնձորներն այս անգամ այլ հասցեատերերի բաժին հանելով՝ երկնքից երեք խնձոր է ընկնում՝ մեկը՝ Թումանյանին, մեկը մեզ՝ 10 լրագրողներիս, մյուսն էլ՝  հավերժական հայ ազգին»,-հեքիաթի եզրափակիչ խոսքում ընդգծեցին տասներորդցիները։

Հովհաննես Թումանյանի հեքիաթների  դարձվածքներով կազմված գիրքն էլ  նախագծի արդյունքն էր՝ աշխատանք, որը Հայոց լեզուն ու հայ գրականությունը համատեղ ուսանելու և ուսուցանելու լավագույն փորձ էր։