ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ներանձնայինից դեպի անանձնական»․ Վահագն Դավթյանը 100 տարեկան է
01.12.2022
«Ներանձնայինից դեպի անանձնական»․ Վահագն Դավթյանը 100 տարեկան է

«Վահագն Դավթյանն առավոտի երգիչ էր, խղճի արթնության մունետիկ, պատմության խորքերը թափանցած՝ հայոց պատմության խունացած էջերն էր թերթում որպես իր ժամանակի կենսագիր։ Նա պատմության մեջ հյուսում էր սիրո ու սրի ասքը, ապրելու և սիրելու տենդը, պայքարը, և, եթե հարկ էր, ռեքվիեմ էր կարդում Եփրատի ափին, Դեր Զորի քամու սայլերի տակ»,- այսպես բնութագրեց բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Վահագն Դավթյանին՝ ՀՊՄՀ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ Մանկավարժականում գրողի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթին։

Բանախոսը նկատում է՝ գեղարվեստական հարուստ աշխարհի իր էջը բանաստեղծը մեր առջև բացում է առավոտի պայծառությամբ ու թարմությամբ, իսկ նրա գույների հրավառության խաղում գերիշխում է կապույտը, առավոտի երկնայի շուշանի գույնը։

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանն հավելում է, որ մեծանուն բանաստեղծին լավագույնս բացահայտել է լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուրադաս Մեժելայտիսը․«Այս բանաստեղծը բերում է իր այն երգը, ինչը ուրիշները չէին էլ նկատում, որը մաքրում է ապրած ժամանակի արյան նստվածքները, իմաստավորում նոր ժամանակը»։

Ցերեկույթին հրավիրված էին ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Վահագն Դավթյանի դուստրը, դասախոսներ, ուսանողներ։

«Մեզ համար ճանաչելի և, այնուամենայնիվ, չճանաչված է Վահագն Դավթյանը»,- ցերեկույթի ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու խոսեց մանկավարժության ոլորտի նոր ձևավորվող տեսլականի մասին։ Պրոֆեսոր Գևորգյանը խոսեց Վահագն Դավթյանի կյանքի ու պոեզիայի մասին՝ անցյալի ու ներկայի որոնումներում անդրադառնալով նրա՝ արժեհամակարգ ձևավորած գրական ժառանգությանը։

Ռեկտորը վստահ է՝ նման միջոցառումները կհարստացնեն ուսանողների ստեղծագործական երևակայությունը․ «Բուհն ավարտած յուրաքանչյուր ուսուցիչ, պետք է իր ուրույն արժեբանությունն ունենա, իսկ Վահագն Դավթյանն այն արժեքներից է, որ կօգնի ձևավորել այդ արժեհամակարգը»:

Ինչպես ցերեկույթի ընթացքում նկատեց Սուրեն Դանիելյանը, ամենաբարդը Վահագն Դավթյանի գրական հարուստ ժառանգությունը հանրահռչակելն է, բանաստեղծական խիտ երթի մեջ անանձնական երակն ու անձնական ուժը տեսնելն է։

Պրոֆեսորն ընդգծեց՝ գրողին մշտապես բազմաշերտ ներկայացրել, առօրյա կեղտերից մաքրել ու բանաստեղծական զորությամբ է մատուցել ասմունքի վարպետ Սիլվա Յուզբաշյանը։

Հուշ-ցերեկույթը բացառություն չէր․ասմունքի վարպետը հուզեց՝ ներկայացնելով Վահագն Դավթյան մարդուն ու նրա սքանչելի պոեզիան՝ համեմված կենսագրական հետաքրքիր ու բազմաշերտ փաստերով։

Իր սերդի թերևս ամենաարտիստիկ բանաստեղծներից մեկի պոեզիային երաժշտական կյանք տված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը խոստովանում է՝ երջանիկ է, որ հակառակ բոլոր կուտակված խնդիրների, կյանքն այսօր հեռու չէ պոեզիայի շնչից, գիտակցումից, զարթնությունից։

Մեծանուն կոմպոզիտորը նկատեց՝ ցերեկույթի ընթացքում կարողացավ ընկղմվել հայոց լեզվի աստվածային հնչյունի մաքրության մեջ․ «Եթե քո հենարանը լեզվի զգացողությունն է, ապա դու ազնվական ես»,-նշեց Ռոբերտ Ամիրխանյանն ու ներկայացրեց Վահագն Դավթյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական կատարումները։

Վերջինս խոստացավ գրել հիմներգ մեկդարյա բուհի՝ Մանակավարժականի համար, նաև հանդիպել ուսանողների հետ։

ՀՊՄՀ 4-րդ կուրսի ուսանող Տաթեւ Թամրազյանն ընդգծեց՝ մեծագույն պատիվ և երախտագիտություն է խոսել Վահագն Դավթյանի, նրա ստեղծագործության որոշակի գծերի ու առանձնահատկությունների մասին․«Տարիների ճանապարհն այսօր մեզ ուղղորդել և հասցրել է դեպի գրողի հարյուրամյակ, դեպի գնահատության և վերարժևորման նոր սահմաններ»։ Ապագա մանկավարժը նկատում է՝ հայրենիքը, հողի կանչը՝ պատմության հզոր թելով զուգորդված ներդաշնակվում է սիրո պոեզիայի և ապրումին՝ վերստին խորքի մեջ ապրելով ծննդավայրի հանդեպ մշտական հարատևող կարոտը։

Նրա գրականությունը սկսում է այն կարոտից, որը թողել է Արևմտյան Հայաստանում՝ իր ծննդավայր Արաբկիրում։

«Առօրյայի մեջ թախծի, տխրության երգերը փորձեցիք նորոգել, բերել դավթյանական բույրը, արժևորել նրան, մի մարդու, որը ներանձնայինից բարձրացավ դեպի անանձնական, որը կարողացավ անանձնականի մեջ յուրաքանչյուրիս համար մեկ փոքրիկ էջ, տող պահել իբրև մասունք, իբրև այն, ինչ նետում ենք գալիք ժամանակներին»,- ամփոփելով բուհի հիմնադրման և գրողի ծննդյան 100-ամյա հոբելյաններին նվիրված հուշ-ցերեկույթը՝ նշեց պրոֆեսոր Դանիելյանը։