ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ներառական կրթությունը հատուկ կրթություն չէ»
28.09.2018
«Ներառական կրթությունը հատուկ կրթություն չէ»

Կայացավ «Ճանապարհ դեպի ներառականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր ներառական կրթության համատեսքտում անդրադարձ կատարել մանկավարժական բուհական ծրագրերի բարեփոխումներին, երկու բուհերի միջև համագործակցության արդյունքներին:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց միջազգային կոնֆերանսի մասնակիցներին և ներկայացրեց ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի միջև հատուկ կրթության ոլորտում իրականացվող երկամյա ծրագրի արդյունքները:

Ռեկտորը կարևորեց հատկապես դասագրքի ստեղծումը, որն առաջինն է ներառական կրթության ասպարեզում, և ընդգծեց նաև ստեղծված 4 վեբինարների և արդի պահանջներին համապատասխան, վերանայված առարկայական ծրագրերի ու ուսումնական պլանների կարևորությունը:

«Վեբինարներն իրենց բովանդակությամբ ունեն խիստ կարևոր նշանակություն ներառական կրթության տարածման համար, իսկ բակալավրիատի և մագիստրատուրայի համար վերանայված ծրագրերը ժամանակակից են և համապատասխանում են արդի բոլոր պահանջներին»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ համագործակցության հաջողությունը երկու բուհերի աշխատանքային խմբերի մասնակիցների արդյունավետ աշխատանքի հետևանք է:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ համընդհանուր ներառումը նախարարության գլխավոր առաջնահերթություններից է և իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչների հետ:

«Սա շատ կարևոր ամփոփում է, երբ առաջին անգամ ներառական կրթության վերապատարաստումների, դասընթացների համար սետղծվում է ուսումնական ձեռնարկ մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն ոլորտում: ՀՀ-ում արդեն 4 մարզում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության. լիահույս եմ՝ շուտով համընդհանուր ներառման կանցնեն նաև մայրաքաղաքի դպրոցները, որի հետազոտության արդյունքները միայն կհեշտացնեն հետագա աշխատանքները»,-նշեց նախարար Հարությունյանն ու հույս հայտնեց, որ կշարունակվի երկու բուհերի և միջազգային կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն էլ այն կարծիքին է, որ երեխաների իրավունքների մասին խոսելիս առաջին հերթին պետք է կարևորել նրանց կրթություն ստանալու իրավունքը, որտեղ առավել խոցելի են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները: Փոխնախարարն այդ գործում մեծապես կարևոր է համարում մանկավարժների որակավորումն ու գիտելիքների առկայությունը և ընդգծում, որ շատ արդյունավետ է գիտելիքի և փորձի փոխանակումը հատկապես միջազգային գործընկերների հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանն իր խոսքում ողջունեց Հայաստանի ջանքերը համընդհանուր ներառման անցման ուղղությամբ՝ միաժամանակ նշելով, որ դպրոցներ կատարած իր այցերի ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ, մասնավորապես այն, որ դպրոցների մի մասում դեռևս բացակայում են շենքային հարմարություններրը: Նա խոսեց նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներին մանկատներում ներառելու հանգամանքին և նշեց, որ մեր երկիրը նույնպես պետք է իրականացնի բարեփոխումներ, որ նման խնդիրներով երեխաները նույնպես ներառվեն համընդհանուր կրթական համակարգում:

ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, Մինեսոտայի համալսարանի հետ համագործացության ծրագրի ղեկավար Մարիաննա Հարությունյանն իր զեկույցում նախ անդրադարձավ բուհում Հատուկ կրթության ֆակուլտետի պատմությանը՝ հիմնումից մինչև միջազգային համագործակցություն և ուսումնական պլանների, մասնագիտական կրթական ծրագրերի և առարկայական փաթեթների վերանայում ու մշակում:

Խոսելով երկու բուհերի միջև համագործակցության մասին՝ Մարիաննա Հարությունյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ՀՊՄՀ-ի դասախոսական անձնակազմին փոխանցել համապատասխան միջազգային վարչարարական փորձառություն՝ վերանայելու ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, ինչպես նաև կիսվելու ներառական կրթության ոլորտում իրենց տեսական և գործնական փորձով:

«Ներառական հասարակության հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գործադրում, գիտահետազոտական աշխատանքների իրականացում, գործնական մեթոդական ձեռնարկների մշակում, ստեղծում, հայալեզու տերմինաբանության մշակում և այլն. սրանք երկու կողմերի համագործակցության քայլերն են, որոնք թույլ կտան ընդլայնել համագործակցության սահմաններն ու արձանագրել նոր ձեռքբերումներ»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու խոսելով մեծածավալ երկլեզու դասագրքի վերաբերյալ՝ հավելեց, որ դրանում ներկայացվել է հայ-ամերիկյան հաջողված փորձը, խորուրդներ ուսուցիչներին, ծնողներին, ինչպես նաև բառարան:

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի ներառական կրթության գլոբալ ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ռենատա Թիքան իր զեկույցում անդրադարձավ երկու համալսարանների միջև համագործակցության շրջանակում ուսուցողական նյութերի մշակմանը՝ մոդուլներ, վեբինարներ, փաստագրական ֆիլմ, համալսարանական դասընթացների վերանայում և հարստացում: Ռենատա Թիքան անդրադարձավ նաև մանկավարժական բուհական և հետբուհական, ինչպես նաև կրթության ընթացքում նյութերի օգտագործմանը:

«Ներառական կրթությունը հատուկ կրթություն չէ, իսկ հանրակրթության պատասխանատուները պետք է աշխատեն ուսուցիչների հետ»,-նշեցին Մինեսոտայի համալսարանի խմբի անդամաները ևս շնորհակալություն հայտնեցին արդյունավետ և ձեռքբերումներով լի համագործակցության համար: Նրանք հույս հայտնեցին, որ հետագա համագործակցության շրջանակներում հնարավորություն կստեղծվի ծրագրում ներառել նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոսներին:

Հարցուպատասխանի ձևաչափով հատուկ կրթության ոլորտի մանսագետներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ապա դիտեցին «Ճանապարհ դեպի ներառականություն» ֆիլմը: