ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներառական կրթությանը վերաբերող ծրագրի շնորհանդես Մանկավարժականում
02.02.2017
Ներառական կրթությանը վերաբերող ծրագրի շնորհանդես Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում կայացավ «Համագործակցային մոտեցումը ներառական կրթության մեջ» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում նախագծի հեղինակ Սյուզաննա Պետրոսյանը ներկայացրեց և ամփոփեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված ներառական կրթության վերաբերյալ պիլոտային ծրագիրը:

Բանախոսն ընդգծեց, որ դրա ստեղծման առանցքում եղել է 4 հիմնական խնդիր՝ թիմային աշխատանքի, աշակերտների վերաբերյալ հավաստի և հավաքական տվյալների ամբողջականության բացակայություն, ուսուցիչների մոտ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքում գիտելիքների և կարողությունների պակաս, երեխաների սոցիալական ներառման դժվարություններ.«Մեր նպատակ է խթանել երեխաների սոցիալական ներառումը դպրոցում, օգնել սովորելու և զարգանալու առավել բարենպաստ սոցիալական միջավայրում: Ներառականության այս մոդելը ստեղծում է հարթակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար արդյունավետ հաղորդակցվելու և դասընկերների հետ մտերմություն հաստատելու»։

Սյուզաննա Պետրոսյանը նկատեց, որ ներառական կրթության հիմնական ծանրաբեռնվածությունը ուսուցիչների վրա է. տրվում է խնդիր, սակայն չեն տրվում լուծման եղանակներ և բավարար օգնություն, ինչի հետևանքով գործընթացը նրանց համար ևս բարդանում է:

Վերջինս հիշեցրեց, որ դպրոցը կոչված է երեխաներին օգնելու, զարգացնելու որպես սոցիալական անձ, իսկ ցանկության դեպքում հնարավոր է ներառել բոլոր երեխաներին:

«Համագործակցային մոտեցումը ներառական կրթության մեջ» ծրագրի հեղինակը վստահ է՝ արդյունավետ թիմային աշխատանքի կազմակերպման և գնահատման գործիքների կիրառման շնորհիվ ծրագիրը հնարավորություն կտա իրականացնել «Կրթություն բոլորի համար և յուրաքանչյուրի համար» իրավունքի իրացումը դպրոցում սովորող բոլոր երեխաների համար:

Սյուզաննա Պետրոսյանը տեսանյութի միջոցով ներկայացրեց ծրագրի ընթացքը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դրա նպատակն էր իրականացնել համագործակցային մոտեցում, կիրառել հավաստի գնահատման չափորոշիներ և օգնել երեխաներին ներառվել դասարաններում, սովորել շփվել հասակակիցների հետ և իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ:

Վերջինս նշեց, որ 2016 թվականին Երևանի №163 դպրոցում մեկնարկած ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել ուսուցիչների ու բազմամասնագիտական թիմի անդամների հետ, հնարավորություն ընձեռելով ստանալ նոր գիտելիքներ՝ դպրոցում երեխաների սոցիալական ներառումը կազմակերպելու, ֆիզիկական միջավայրը նախապատրաստելու, ուսուցման մեջ գործնականում նոր և ժամանակակից մոտեցումներ կիրառելու վերաբերյալ:

Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը նկատեց, որ թեպետ շատ է խոսվում ներառական կրթության հաջողությունների և թերացումների մասին, սակայն հիմնական խնդիրներից մեկը՝ ներառական կրթության ոլորտում տվյալների բազայի բացակայությունը շարունակում է արդիական մնալ:

Դեկանը չթաքցրեց՝ ոգևորված է Սյուզաննա Պետրոսյանի գաղափարներով և ծրագրերով. առաջիկայում նախատեսվում է նաև արդյունավետ համագործակցություն:

Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատուներ, ներառական կրթության գործի կազամակերպիչներ, ուսանողներ, ովքեր հանդես եկան ելույթներով և առաջարկներով:

«Ուսուցիչ-բազմամասնագիտական թիմի համագործակցությունը ներառական կրթության կազմակերպման առաջնահերթություններից են: Սա կրթություն է յուրաքանչյուր երեխայի համար. չկա երեխա, որ խնդիր չունենա, մեկի մոտ՝ ընդգծված, մյուսի մոտ՝ ոչ: Մանկավարժներիս խնդիրն է ճիշտ կազմակերպել յուրաքանչյուր երեխայի դիտարկման փուլը՝ բացահայտելու նրա ուժեղ և թույլ կողմերը»,- նշեց ԿԱԻ-ի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ու վստահություն հայտնեց, որ №163 դպրոցում ներդրված ծրագրի շնորհիվ ներառական կրթությունն այնտեղ ճիշտ ընթացք կունենա: