Մանկավարժական համալսարանում կայացավ «Մկների ժողով» ներկայացման պրեմիերան։ Աթաբեկ Խնկոյանի համանուն ստեղծագործության բեմադրությունն իրականացած Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանն այն փորձարարություն է համարում․ ռեժիսուրայի 3-րդ կուրսի ուսանողներից բացի, բեմում են նաև Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները։
Կենտրոնի հետ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի․պրոֆեսորը հույս հայտնեց, որ համատեղ ներկայացումը նրանց ևս կվարակի արվեստով և թատրոնով։
Բեմադրող ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանի «Մկների ժողով»-ը թատերական արվեստի մյուզիքլի ժանրում է․ այսօրվա թատրոնն է պահանջում՝ երաժշտություն և պլաստիկա։
Թե ինչպես մի օր մկները ժողով հավաքեցին, քննարկեցին և թշնամու դեմ պլան կազմեցին․Աթաբեկ Խնկոյանի գրական ստեղծագործությունն առանձնացավ ռեժիսորական նոր լուծումներով և ապագա ռեժիսորների յուրահատուկ խաղով։ Ներկայացման ավարտը թվում է՝ տարբերվում է բնագրից․կատուն բուսակեր է և խոստանում է այլևս չուտել մկներին․ բայց արի ու տես, որ սա միայն սուտ խոստում է։
Ներկայացումը նվրված էր ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակի։
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց ռեժիսորական և դերասանական աշխատանքը՝ նկատելով, որ ներկայացումը հերթական դասն էր, այս անգամ՝ արվեստի ոլորտում․«Թատերական արվեստն իրականության արտահայտման յուրահատուկ ձևաչափ է։ Այստեղ յուրաքանչյուրիս կոգնիտիվ կարողությունները, հուզական արտացոլումներն ու սոցիալական վարքագիծն իմաստավորում է այն սուբյեկտիվ ընկալումները, որը կա մեր արժեհամակարգում՝ արտացոլելով հասարակական մի շարք խնդիրներ։ Այսօրվա ներկայացումը, որտեղ սերունդների հրաշալի միավորում էր, մեկ անգամ ևս ապացուցեց՝ 100-ամյա բուհը հավատարիմ է իր հիմնական առաքելությանը՝ որակյալ կրթություն և առաջատար մասնագետների պատրաստում»։
Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանը բարձր գնահատեց ներկայացումը՝ նկատելով, որ այն մեծ նվիրումով էր ստեղծված։ Պրոֆեսոր Էլբակյանը ընդգծում է՝ ներկայացման մեջ կային նաև այն բոլոր տարրերը, որոնք անհրաժեշտ են մեր մասնագիտությունը ուսուցանելու համար։
Ի դեպ, ներկայացման ավարտը խորհրդանշական էր․ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը, կարևորելով երեխաների և երիտասարդների զարգացման ծրագրերը և հաշվի առնելով տարիների համատեղ արդյունավետ աշխատանքը, կնքեցին համագործակցության հուշագիր։
Զարգացման ծրագրեր նախաձեռնելու, երեխաների և երիտասարդների հետ աշխատանքի և անգնահատելի նվիրումի համար Նարե Արմայանը շնորհակալագրեր հանձնեց բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին, Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին, Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանին, նույն ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանին, Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանին։
Նարե Արամյանը կարևորեց, որ 50-ամյա պատմություն ունեցող իր ղեկավարած կենտրոնի սաները հնարավորություն ունեն աշխատել և սովորել մեծանուն վարպետներից և ոլորտում դեռ նոր կայացող երիտասարդ արվեստագետներից։