ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացրեց ռուսերենի դասավանդման մեթոդաբանությունը
09.06.2022
Ներկայացրեց ռուսերենի դասավանդման մեթոդաբանությունը

ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիյա Բալասանյանն այսօր մասնակցեց «Ոսկե դասախոսություն» լուսավորչական միջազգային առցանց նախագծին, որն իրականացվում է Երևանում Ռուսական տան աջակցությամբ։

Բանախոսը, անդրադառնալով հայկական դպրոցներում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման զարգացման պատմությանը, նշեց՝ ռուսերենի դասավանդման պատմության առաջին փուլը կապված է 18-19-րդ դարերում Ռուսաստանում հայկական Սփյուռքի լուսավորչական գործունեության հետ։

Լիլիյա Բալասանյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց մի շարք հեղինակների աշխատություններ, որոնք տարբեր ժամանակներում ընդգծել են հայ և ռուս ժողովուրդների՝ երկուստեք լեզուների իմացության կարևորությունը։

ՀՊՄՀ դոցենտն ընդգծեց՝ 19-րդ դարի սկզբում հայկական դպրոցում ռուսերենի դասավանդման մեթոդաբանության զարգացմանը մեծապես նպաստել է նաև հայ մեծ լուսավորիչ, հայ նոր գրականության և լեզվի հիմնադիր Խաչատուր Աբովյանը, ում անունը կրում է մանկավարժական բուհը։

«Հայ աշակերտների համար նախատեսված ռուսաց լեզվի դասագրքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցում արտացոլված են ազգային դպրոցներում լեզուների ուսուցման ռուսական և եվրոպական մեթոդաբանության հիմնական ուղղությունները»,-նշեց Լիլիյա Բալասանյանը։

Վերջինս հավելեց, որ 20-րդ դարում Հայաստանում լույս են տեսել ոչ միայն ռուսաց լեզվի դասագրքեր, այլև մեթոդաբանությանը նվիրված գիտական լուրջ աշխատություններ։

Լիլիյա Բալասանյանը առանձնացրեց ՀՊՄՀ պրոֆեսոր Բելա Եսաջանյանի ղեկավարմամաբ 70-80-ական թվականներին ազգային դպրոցի համար հայ մեթոդիստների մշակած նոր սերնդի դասագրքերը։

«ՀՀ-ում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով մի քանի սերունդ է կրթվել. ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն: Նրա ստեղծած դասագրքերն ու մեթոդական տեսությունները հիմնվում էին համեմատական-տիպաբանական վերլուծությունների, ինչպես նաև նախկինում ստեղծված մեթոդիկաների վրա»,-հավելեց բանախոսը։

Ամփոփելով ելույթը՝ Լիլիյա Բալասանյանը մեջբերեց ականավոր գիտնական Պասովին, նշելով՝ ռուսերենի դասավանդման մեթոդաբանության կարևորությունը հնարավոր կլինի խորապես ըմբռնել միայն այն ժամանակ, երբ բոլորին պարզ դառնա, թե ինչ կարևոր է մանկավարժի դերը մեր հասարակությունում․«Բելա Եսաջանյանը մեծապես կարևորում էր ուսուցիչների մասնակցությունը դասագրքերի ստեղծմանը»,- իր դասախոսության ավարտին նշեց դոցենտ Բալասանյանը։

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը շնորհակալություն հայտնեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանին՝  ի դեմս ռեկտոր Ալեքսեյ Լուբկովի և պրոռեկտոր Էդուարդ Նիկիտինի, ինչպես նաև ծրագրի իրականացման գործում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին։

Վերջինս կարևորեց ռուսերենի դասավանման մեթոդաբանության սկզբնավորմանը, ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդմանը, ռուսաց լեզվի մեթոդաբանության մեջ մեծ ներդրում ունեցած հայ ականավոր գիտնականներին նվիրված ՀՊՄՀ դոցենտ, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանի դասախոսությունը․«Դասախոսության ընթացքում դոցենտը ներկայացրեց նաև ռուսերենի դասավանդման նորարական տեխնոլոգիաներն ու ուսումնական նյութերը, որոնք ներկայումս կիրառվում են ՀՀ բազմաթիվ կրթական հաստատություններում»,-կարևորելով դասախոսությունը՝ նշեց պրոռեկտոր Իսպիրյանը։