ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացրին Գերմանիայում կրթության հնարավորությունները
14.05.2024
Ներկայացրին Գերմանիայում կրթության հնարավորությունները

Այսօր Մանկավարժական համալսարանում էին գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ղեկավար Գեբհարդ Ռոյլը և DAAD Թբիլիսի տարածաշրջանային ղեկավար, կրթաթոշակային ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանը։

Գերմանական բուհերն ու ուսանողական միությունները միավորող հաստատության ներկայացուցիչների այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Գերմանիայում սովորելու հնարավորություններին, աջակցել ակադեմիական փոխանակմանը, ինչպես նաև ներկակացնել DAAD-ի ծրագրերին։

Դասընթացների բազմազանություն, տեսական և գործնական դասընթացների համակցում, ուսմանը զուգահեռ պրակտիկաներ, հետազոտական աշխատանքներում և դասավանդման ոլորտում հնարավորություններ, անձնային և ինտելեկտուալ ներուժի զարգացում, մասնագիտական աճի հնարավորություններ, անվճար ուսուցում և այլն․ հանդիպման ընթացքում Գեբհարդ Ռոյլը ներկայացրեց այն հիմնական առավելություններն ու հնարավորություններ, որոնք տալիս է կրթությունը Գերմանիայում։

Բանախոսը ներկայացրեց նաև կառույցի 2025 թվականի ռազմավարությունը և նշեց, որ նպատակ ունեն միջազգային փոխանակումների միջոցով ընդլայնել կրթության և գիտության հեռանկարները, զարգացնել միջազգային համագործակցությունը։

Ֆինանսական աջակցության բազմազան ծրագրերի, կրթաթոշակների, այդ թվում՝ մասնագիտացված ուղղվածության հնարավորությունների, կրթաթոշակների ընտրության գործընթացի, գիտահետազոտական դրամաշնորհների մասին տեղեկատվական այցի շրջանակներում ներկայացրեց Արևիկ Հարությունյանը։

Հանդիպման ավարտին ծավալվեց քննարկում, DAAD-ի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին։