ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց գիտական հետազոտությունների ամերիկյան փորձը
19.12.2017
Ներկայացվեց գիտական հետազոտությունների ամերիկյան փորձը

ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանի և ԱՄՆ-ի դեսպանատան կողմից հովանավորվող Ֆուլբրայթ գիտական ծրագրի շրջանավարտ Նվեր Խաչատրյանի հետ։

Ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում Շուշաննա Աբովյանը ներկայացրեց EducationUSA Հայաստանի գործունեությունը, ամերիկյան բուհերի դիմելու հնարավորությունները՝ հավելելով, որ դեսպանատունն իրականացնում է բազմաբնույթ կրթաթոշակային ծրագրեր, որոնց ծախսերը հոգում է ամերիկյան պետությունը:

«ԱՄՆ դեսպանությունը նախապատվություն է տալիս այն ծրագրերին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար»,-վստահեցրեց Նվեր Խաչատրյանը, ով «We Share» ծրագրի շրջանակներում իր՝ «Ջրերի մաքրման տեխնոլոգիան» թեմայի գիտահետազոտական աշխատանքը կատարել է ԱՄՆ-ում:
Նվեր Խաչատրյանը ներկայացրեց հետազոտությունների մեթոդաբանության վերաբերյալ ամերիկյան իր փորձը, ինպես նաև խոսեց հետազոտության տեսակների, նպատակների, մեթոդի և մեթոդաբանության տարբերությունների մասին: Նա ընդգծեց նաև, որ գիտության ոլորտում հաջողություններ ունենալու համար շատ կարևոր է մասնագիտական համագործակցությունը:

Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի և քննարկման ձևաչափով:

Նշենք, որ EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ շարունակում է դեռևս տարիներ առաջ ԱՄՆ Դեսպանատան և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծված «We Share» ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ կառավարության տարբեր ծրագրերի շրջանավարտներ կիսում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը ՀՀ տարբեր համալսարանների ուսանողների և դասախոսների հետ: