ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց Google Classroom հարթակի և մանկավարժական պրակտիկայի բարեփոխումների ընթացքը
09.10.2018
Ներկայացվեց Google Classroom հարթակի և մանկավարժական պրակտիկայի բարեփոխումների ընթացքը

Կայացավ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների միջև աշխատանքային խորհրդակցությունը:

Քննարկվեց բուհում կրթության էլեկտրոնային կառավարման Google Classroom հարթակի և մանկավարժական պրակտիկայի բարեփոխումների առնչությամբ Գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:

Ռեկտորը ևս մեկ անգամ կարևորեց էլեկտրոնային կառավարման Google Classroom հարթակի կիրառումն ու ընդգծեց, որ այն ունի անընդհատ կատարելագործման անհրաժեշտություն և իր ձևաչափով ու ներդրմամբ նորություն է ոչ միայն ՀՊՄՀ-ի, այլև մեր երկրի համար:

Ռուբեն Միրզախանյանն այն կարծիքին է, որ ի տարբերություն դասախոսների, ուսանողների ճնշող մեծամասնության մոտ այն ունի դրական նշանակություն: Նա հորդորեց ամբիոնների վարիչներին, որ դասալսումներն ու քննարկումները չկրեն վերահսկման բնույթ, այլ ունենան խնդիրները շտկելու, ուսումնասիրելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակ:

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ էլեկտրոնային կառավարման Google Classroom հարթակի վերաբերյալ Գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքին, ներկայացրեց ամբիոնների նիստերում հստակեցված մոտեցումներն ու առաջարկները:

Նա խոսեց նաև ՀՊՄՀ-ի ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման լրամշակված համակարգի մասին՝ մանրամասնելով ընթացիկ լսարանային և էլեկտրոնային հանձնարարականների կատարման ընթացքը:

Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, խոսելով Գիտական խորհրդի վերոնշյալ որոշման կատարման ընթացքի մասին, արձանագրեց՝ կան նշանակալի ձեռքբերումներ, բայց կարիք կա մշտապես քննարկելու այն խնդիրները, որոնք առաջ են գալիս պրակտիկայի կազմակերպման բարեփոխումների ընթացքում:

Մանկավարժական պրակտիկայի արդյունքների պաշտպանության ընթացակարգի հաստատում, առարկայական նկարագրերի պահանջների և առանձնահատկությունների վերանայում, թղթապանակիների և մեթոդական ուղեցույցերի ստուգում և այլն. սրանք այն բարեփոխումներն են, որոնք իրականացվել են պրակտիկայի բարելավման շրջանակներում:

Վահան Սարգսյանն անդրադարձավ նաև պրակտիկայի կազմակերպման գործընթացում դասախոսների կողմից հաճախ տրվող հարցերին ու առաջարկներին՝ պրակտիկայի կազմակերպման վայրից մինչև ուսանողների իրավունքներ և պարտականություններ:

Խորհրդակցության ավարտին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեկաններին և ամբիոնների վարիչներին հորդորեց էլեկտրոնային կառավարման Google Classroom հարթակի և մանկավարժական պրակտիկայի վերաբերյալ հարցերը մշտապես քննարկել ամբիոնների նիստերում, քանի որ եղած խնդիրների վերաբերյալ վերլուծությունները կտան առավել լավ արդյունք ունենալու հնարավորություն: