ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը
18.12.2024
Ներկայացվեց կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը: Բուհի ղեկավար և դասախոսական կազմի հետ հանդիպմանը նա ներկայացրեց կառույցի ներկայիս գործունեությունն ու ապագա նախագծերը:

Բանախոսն անդրադարձավ երեք կարևոր ուղղությունների՝ գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքի վերազինմանը, մարդկային ռեսուրսին, խոսեց իրավական դաշտի կարգավորումների մասին:

Արտուր Մովսիսյանը, անդրադառնալով պետական ֆինանսավորման արդյունավետությանը, նշեց՝ վերջին տարիներին ոլորտին հատկացվող պետական միջոցների ծավալը պարբերաբար աճել է։ Խոսելով գիտական արդյունքների դինամիկայի մասին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալը նկատեց՝ վերջին մի քանի տարիներին հրապարակումների թվի կայուն աճ է գրանցվել։

Վերջինս ներկայացրեց նաև Կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի կառուցվածքը, անդրադարձավ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված աշխատողների ատեստավորմանն ու աշխատավարձերի նորմավորմանը, 2024 թվականին ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրերին՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատ՝ ընթացիկ տարում երաշխավորվել է 65 ծրագիր։

Բանախոսը Մանկավարժական համալսարանի համար դրական համարեց բազային ծրագրերի շարունակականությունը։

Խոսելով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատակությունների համար աջակցության ծրագրին և ոլորտում սպասվող փոփոխություններին բանախոսը նշեց՝ աշխարհի լավագույն եռյակի մեջ մտնող գիտական հրատարակիչներից երկուսի հետ արդեն իսկ բանակցություններ են ընթանում, ինչի շնորհիվ հայաստանյան հետազոտողները հասանելիություն կստանան միջազգային բարձր վարկանիշավորմամբ ամսագրերում տպագրված հրապարակումներին։

Անդրադարձ եղավ նաև 2025 թվականի ծրագրերին, Արտուր Մովսիսյանն առանձնացրեց պետության պահանջարկի հիման վրա արվող հետազոտությունները՝ պետական տարբեր մարմինների հետ համագործակցությամբ, պրոֆեսորների կարճաժամկետ այցելությունների և դասախոսությունների, ինչպես նաև հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառների ամսագրերի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկման ծրագրերը։

Ծավալվեց քննարկում, գիտության պատասխանատուն պատասխանեց ներկաների հարցերին։