ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց մանկավարժական կադրերի պատրաստման մոնիթորինգի ՀՊՄՀ փորձը
28.03.2024
Ներկայացվեց մանկավարժական կադրերի պատրաստման մոնիթորինգի ՀՊՄՀ փորձը

ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն այսօր մասնակցեց «ԱՊՀ երկրների բուհերում մանկավարժական կադրերի պատրաստման որակի մոնիթորինգի կազմակերպում. համագործակցության հեռանկարներն ու առկա փորձը» խորագրով գիտաժողովին։

Գիտաժողովին առցանց և առերես ձևաչափով մասնակցում էին Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի անդամ բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ԱՊՀ երկրների մանկավարժական համալսարանների դասախոսներ:

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Վիկտոր Դրոնովը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ գիտաժողովի կարևորագույն թեման կրթական գործընթացն է և մանկավարժական բուհերի շրջանավարտների որակը՝ ժամանակակից մարտահրավերների և փոփոխությունների տեսանկյունից։ Նա կարևորեց ժամանակակից ուսանողին արդի աշխատաշուկային համահունչ կրթելու, պահանջները բավարարելու անհրաժեշտությունը՝ հատկապես արհեստական բանականության առկայության պայմաններում։
Գիտաժողովի նպատակն էր քննարկել և վերհանել ԱՊՀ երկրների համալսարաններում մանկավարժական կրթության մոնիթորինգի կազմակերպման առանձնահատկությունները, նախանշել այս ոլորտում համալսարանական հանրության համագործակցության ուղղությունները:

Գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։

«Մանկավարժական կադրերի պատրաստման մոնիթորինգի մի շարք ուղղություններ. գործընթացն ու որակի կառավարման նախադրյալները» խորագրով զեկույցում վերջինս անդրադարձավ թեմայի շրջանակներում մոնիթորինգի հիմնական ուղղություններին՝ հիբրիդային, առցանց ուսուցում, առցանց (թվային) կրթական միջավայրի ստեղծում և կրթական գործընթացների կառավարման փոփոխություն։

«Բոլոր այս ոլորտները փոխկապակցված են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ազդեցությունն ունի բարձրագույն կրթության բոլոր փուլերի վրա»,-իր զեկույցում նշեց Մարիամ Իսպիրյանն ու հավելեց՝ ՀՊՄՀ-ում կիրառվող մոնիթորինգային մոտեցումները թույլ են տալիս իրականացնել ոչ միայն «կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգը», այլև ստեղծել մոնիթորինգային գործիքակազմ՝ դասալսումներ, ուսանողների և դասախոսների հարցումներ և այլն:

Պրոռեկտորն իր գործընկերներին տեղեկացրեց նաև, որ մոնիթորինգի արդյունքներով Մանկավարժական համալսարանը ձևակերպել է հետազոտական համալսարան դառնալու ռազմավարական կարևոր ուղղությունը, ինչի արդյունքում՝ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ինչպես ապագա, այնպես էլ գործող մանկավարժների հմտությունների լայն շրջանակի զարգացմանը:

Մարիամ Իսպիրյանը հավելեց նաև, որ ՀՊՄՀ-ն դիտարկում է ԱՊՀ այլ երկրների մանկավարժական համալսարանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրում է օտարերկրյա համալսարանների համանման ծրագրերը, որոնցում առկա սկզբունքների կիրառումը թույլ կտա վերհանել մի շարք խնդիրներ։

Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձան նաև մանկավարժական բարձրագույն կրթությանը վերաբերող մի շարք հարցերի։ Բացի այդ, առաջարկվեց ձևավորել կրթության որակի խնդիրներով զբաղվող գիտամեթոդական խորհուրդ՝ ներգրավելով այսօրվա զեկուցողներին։ Շեշտադրվեց, որ այս անգամ ամենամեծ թվով մասնակիներն էին ներգրավված ԱՊՀ երկրների մանկավարժական համալսարններից, որոնք ներկայացրին իրենց բուհերի գործունեությունը՝ հիմնականում մանկավարժական կրթության որակի խնդիրներն ու ներկայիս իրավիճակը։ Որոշվեց մայիսի 15-18-ը 54 բուհերի ղեկավարների մասնակցությամբ Մոսկվայում կազմակերպել մանկավարժական բարձրագույն կրթությանն առնչվող ժամանակակից հարցերին վերաբերող քննարկում։