ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց «Քայլ առ քայլ»-ի հայաստանյան փորձը
28.09.2016
Ներկայացվեց «Քայլ առ քայլ»-ի հայաստանյան փորձը

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի աբխազ գործընկերները՝ հայաստանյան հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ծառուկյանի ուղեկցությամբ:

Աբխազիայում ծրագրի մեկնարկից առաջ հյուրերը՝ Աբխազիայի Հանրապետության վաղ կրթության ոլորտի մասնագետ Մեդեա Չեյգելիան, «Սուխումիի պատանեկության տուն»-ի տնօրեն Ելենա Կոբախիյան և «Օգնություն Աբխազիայի կրթական համակարգին» նախագծի համակարգող Լյալյա Չաիբան ծրագրում ընդգրկված կառույցների և վերապատրաստված ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին բուհերում և կրթական այլ հաստատություններում ծրագրի դրվածքի և ընթացքի համակարգման մասին:

Հյուրերին ողջունեց ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ վստահեցնելով, որ ուրախ կլինեն կիսվել բուհի հաջողված փորձով և ընդգծեց, որ ի սկզբանե ծրագիրն ունեցել է համակարգված մեկնարկ և ընթացք:

«Ծրագրի ընձեռած պրակտիկ գործիքները մեթոդիստներին, մանկավարժներին և հոգեբաններին հնարավորություն տվեցին պատրաստել ինտերակտիվ բազմազանությամբ որոշակի ուսումնական նյութեր, ինչի մասին բազմիցս խոսվում էր, սակայն չկային կոնկրետ մեխանիզմներ»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ ծրագրի վերաբերյալ հետաքրքրությունը գնալով մեծանում է՝ պայմանավորված յուրաքանչյուրի գործունեության մեջ առկա դրական արդյունքով:

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանի կարծիքով՝ սա այն ծրագիրն է, որի կենտրոնում երեխան է՝ կրթության տարբեր փուլերում, և ցանկություն հայտնեց ապահովել ծրագրի շարունակականությունը, քանի որ այն մանկապարտեզ-դպրոց-բուհ կապը ամրապնդելու հաջողված միջոց է, այնինչ շատ ծրագրերում միայն մեթոդներ են. «Դուք գտել եք խնդրի նեղ կողմերը և ձեր շուրջը համախմբել այդ ամենը ընդունելու պատրաստ մարդկանց»:

Ծրագրում ընդգրկված Սկզբնական կրթության ֆակուլտետի՝ գիտության գծով դեկանի տեղակալ, դոցնետ Լուսինե Պողոսյանն անդրադարձավ ուսանողական վերապատրաստումների վերաբերյալ դրական մոտեցումներին և վստահեցրեց, որ ստացած գիտելիքներն ու կարողությունները փոխանցում են իրենց դասավանդողներին՝ ապահովելով փորձի փոխանակման և համագործակցության հաջողված հերթականություն և շարունակականություն:

«Ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ում եղեն են բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ՝ մագիստրոսական, ասպիրանտական, իսկ տրամադրված օժանդակ նյութերը նպաստել են ուսումնական գործի կազմակերպման և մեթոդների ներդրման ընթացքում»,-անդարադառնալով ծրագրի դրական կողմերին՝ նշեց Լուսինե Պողոսյանն ու հավելեց, որ ցանկալի կլիներ արդյունքները գրանցելու և վերլուծելու նպատակով իրականացնել մոնիտորինգ:

«Համոզվեցինք, որ ծրագրի իրականացման ընթացքում մեծ է կապը գիտության հետ, ուր ամեն ինչ վերլուծվում է գիտականորեն»,-լսելով ծրագրի մասնակիցների կարծիքները՝ նշեցին աբխազ հյուրերը և վստահեցրին՝ այդ կապը պայմանավորված է ծրագրում ուսանողների ներգրավվածությամբ. բացի այդ, եթե ծրագիրը չսկսեր նախադպրոցական տարիքից, չէր ունենա նման արդյունք:

Վերջիններս հետաքրքրվեցին նաև ծրագրում ընդգրկված մասնակիցների՝ նորի հանդեպ նախապես ունեցած վախի, կասկածների, դժվարությունների մասին: Դրան ի պատասխան նրանք նշեցին՝ եթե մանկավարժը պատրաստված է, տիրապետում է մասնագիտական գործիքակազմին, ուրեմն կկարողանա կիրառել ինտերակտիվ մեթոդներն ու հասնել հաջողության:

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ծառուկյանն էլ վստահեցրեց, որ աշխատանքի նման արդյունքը ոլորտի առաջատար կառույցների հետ համատեղ աշխատանքի հետևանք է. «Կրթության ոլորտի շատ ներկայացուցիչներ եթե չեն էլ ընդունում նորը, գոնե լավ գիտեն, թե ինչ է պետք իրենց. 15 տարիների ընթացքում ունեցանք բազում գաղափարակիցներ»,-նշեց հիմնադրամի տնօրենն ու վստահեցրեց, որ գործունեության ընթացքում սերունդների որակական և գաղափարական փոփոխման հետ փոխվում են նաև անելիքները:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ հյուրերը հետաքրքրվեցին, թե ինչպես են պատրաստվում փորձը փոխանցել և լինել դրա շարունակողը:

Հայ գործընկերները վստահեցրին, որ նոր մեթոդները փոխանցվում են ուսանողական և դասախոսական վերապատրաստումների միջոցով. ծրագիրը մեծ դեր է խաղացել և ողջ կրթական համակարգում դարձել շրջադարձայի:

Հանդիպման ավարտին հայ և աբխազ գործընկերները փոխանակվեցին կոորդինատներով՝ միմյանց համապատասխան աջակցություն ցուցաբերելու և փորձի փոխանակման համար, ինչպես նաև շրջեցին բուհի թանգարանում՝ ծանոոթանալով նրա պատմությանն ու ժամանակագրությանը: