ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց զգայական և բազմազգայական խանգարումներ ունեցող անձանց հետ աշխատանքի ռուսական փորձը
29.10.2019
Ներկայացվեց զգայական և բազմազգայական խանգարումներ ունեցող անձանց հետ աշխատանքի ռուսական փորձը

Մանկավարժական համալսարանում են ՌԴ-ի «Со-единение» չտեսնող-չլսողների աջակցության հիմադրամի և Ակադեմիայի ներկայացուցիչները:

Եռօրյա այցի ընթացքում ռուս գործընկերները ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես եկան դասախոսություններով, իրականցրին փորձի փոխանակում: Ի դեպ, երկու հաստատությունների համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մագիստրոսական ատենախոսության համատեղ ղեկավարում և պաշտպանություն. առաջին պաշտպանությունը կլինի ընթացիկ ուսումնական տարվա ավարտին:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց ռուս գործընկերներին և ընդգծեց, որ սեմինար-քննարկումները, դասախոսությունները բուհի համար ունեն կարևորագույն նշանակություն, քանի որ Մանկավարժական համալսարանը հատուկ մանկավարժներ պատրաստող միակ բուհն է: Պրոռեկտորը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ եռօրյա համատեղ աշխատանքը հնարավորություն կտա գտնել խնդիրների լուծման նոր ուղիներ, ծանոթանալ նրանց առաջատար փորձին՝ ճիշտ կազմակերպելու զգայական և բազմազգայական խանգարումներ ունեցող սոցիալիզացիան և վերականգնողական գործընթացը:

«Այս խնդիրը ընդհանուր է ամբողջ աշխարհի համար: Կան դժվարություններ նաև գիտական մակարդակներում, քանի որ հատուկ մանկավարժները պետք է տիրապետեն առանձին կրթական գործիքների և մեթոդների: Իմ կարծիքով՝ համալսարանն է այն վայրը, որտեղից պետք է սկսել խնդրի լուծման գործընթացը»,-նշեց «Со-единение» ակադեմիայի տնօրեն Լիդյա Ֆրոլովան և ներկայացրեց, թե ինչպես են Ռուսաստանում և միջազգային տարբեր հարթակներում սահմանվում չտեսնող-չլսողների խնդիրները:

Ակադեմիայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խմբի ներկայացուցիչների հետ աշխատելու համար անհրաժեշտ է անհատական ծրագիր՝ մշակված յուրաքանչյուրի համար: Խոսելով աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ Ակադեմիայի երիտասարդական նախագծերի ղեկավար Յուլյա Մայորովան առանձնացրեց հատկապես նման խնդիրներ ունեցող մարդկանց կրթության կազմակերպումը, որը նրանց համար աշխարհի հետ միակ պատուհանն է:

«Մեր երկիրն անցնում է համընդհանուր ներառականության, սակայն բազմակի խանգարումներով անձանց կրթության կազմակերպումը դեռևս բաց է. մասնագետներն ու ուսուցիչները չունեն համապատասխան տեղեկատվություն ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպման վերաբերյալ: Ես հույս ունեմ, որ համագործակցության արդյունքում կկարողանանք ձեռք բերել բազմակի խանգարումներով անձանց խնդիրները բացահայտելու և հետագա քարտեզը կազմելու մեթոդական անհրաժեշտ գործիքակազմ և որոշակի կարողություններ: Սա դասախոսների համար նաև յուրատեսակ վերապատրաստում է»,-նշեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանն ու ներկայացրեց այդ ուղղությամբ մեր երկրի փորձն ու ներկա իրավիճակը:

Սիրանուշ Կարապետյանը փաստում է. ըստ Առողջապահության համաշխարհային կոմիտեի տվյալների, զարգացման խանգարումներով երեխաների թիվը գնալով աճում է, իսկ մյուս կողմից չկան հստակեցված տվյալներ, թե ի՞նչ թվով մարդիկ կան ՀՀ-ում, ինչպիսի՞ն է նրանց ճակատագիրը, որտե՞ղ և ինչպե՞ս են սովորում, ի՞նչ օգնություն է ցուցաբերվում նրանց ընտանիքներին, ինչպիսի՞ն է լինելու սոցիալականացման հիմնախնդիրը:

aspu.am-ի հետ զրույցում դեկանը նշեց, որ բուհի դասախոսներն ու մագիստրոսները գործընկերների հետ բազմիցս ունեցել են հանդիպումներ, ծանոթացել նրանց փորձին, ձեռք բերել նման երեխաների, նրանց ընտանիքների հետ աշխատելու որոշակի կարողություններ: Նա այն կարծիքին է, որ պետք է օգտվել ռուս գործընկերների տարիների կուտակած փորձից և առաջին հերթին կազմել մեր երկրում զգայական բազմակի խանգարումներով մարդկանց թվի քարտեզագրում՝ դրանից բխող հետագա անելիքներով:

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող համար 14 դպրոցի տնօրեն Ալեսքան Ահարոնյանը կիսում է Սիրանուշ Կարապետյանի այն կարծիքը, թե Հայաստանը ներկայումս պատրաստ չէ կազմակերպելու համընդհանուր ներառականությունը:

«Մեր դպրոցը միակն է հանրապետությունում, ուր սովորում են տեսողության տարբեր աստիճաններ ունեցող երեխաներ: Ըստ այդ մեխանիզմի՝ նրանց մի մասը դուրս գրվեցին՝ կրթությունը հանրակրթական դպրոցներում շարունակելու նպատակով: Եթե տեսողության խանգարումներ ունեցող դպրոցը մինչ օրս ապահովված չէ բրայլյան հատուկ դասագրքերով, ապա ինչպե՞ս կարող են հանրակրթական դպրոցներում կազմակերպվել նրանց կրթությունը»,-նշեց Ալեսքան Ահարոնյանն ու կարևորելով կազմակերպված ձեռնարկը՝ ընդգծեց, որ ոլորտում վերապատրաստումներ պետք է իրականացնի հիմնականում Մանկավարժական համալսարանը:

Սեմինար-քննարկումը շարունակվեց ռուս գործընկերների զեկուցումներով, որտեղ ներկայացվեց զգայական և բազմազգայական (լսողատեսողական) խանգարումներ ունեցող անձանց սոցիալիզացիայի և վերականգնման ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային փորձը: