ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին բուհական կրթության և հասարակության հիմնախնդիրները
15.04.2019
Ներկայացվեցին բուհական կրթության և հասարակության հիմնախնդիրները

«Տրանսդիսցիպլինար կրթությունը և հետազոտությունը Հայաստանում կարող է հնարավոր դարձնել բուհերի և հասարակության համագործակցությունը, ինչպես նաև բուհերին մասնակից դարձնել հասարակության խնդիրների լուծման ճանապարհին»,- Մանկավարժական համալսարանում կայացած սեմինար-քննարկման ընթացքում նշեց Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի և ՀՊՄՀ-ի ասպիրանտ Տիգրան Քեռյանը:

«Բուհական կրթությունը և հասարակության հիմնախնդիրները. մարտահրավերներ, լուծումներ, հեռանկարներ» սեմինար-քննարկմանը ներկա էին տարբեր բուհերի դասախոսներ, ուսանողներ, ԿԳՆ և պետական այլ կառույցների, կրթական գործունեություն ծավալող տարբեր կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով համակարգային լուծում պահանջող տարաբնույթ հիմնախնդիրները քննարկել բոլոր շահառուների հետ և ամրապնդել բուհ-հասարակություն կապը։

«Եթե ուզում ենք հասարակության մեջ որևէ բան փոխել, պետք է վստահ լինենք, որ այդ գործում մանկավարժությունն ունի առանցքային ու կարևոր նշանակություն: Հասարակությունն ամեն օր բախվում է տարաբնույթ խնդիրների, որոնց լուծումը գտնվում է գիտական դիսցիպլինից դուրս. բուհերն ունեն մեծ ներուժ խնդիրները լուծելու համար»,-նշեց բանախոսն ու հավելեց, որ շատ կարևոր է միջազգային փորձի տեղայնացումը մեր պայմաններին:

Նա այն կարծիքին է, որ միևնույն հիմնախնդիրն ունի տարբեր իրականություն՝ համայնքի, ակադեմիական, բուհի և այլն, ինչպես նաև չկան հին, վատ կամ նոր ու լավ եվրոպական կամ այլ մեթոդներ. յուրաքանչյուրն ունի իր կուտակած փորձը, որը կարող է ներդնել ցանկալի արդյունքի համար: Բացի այդ, իրական կյանքի խնդիրները լուծելու համար միայն գիտական դիսցիպլինները բավական չեն. «Արդյունքը չի կարող լավը լինել, քանի որ գիտական ճշմարտությունը պետք է փնտրել տեղական ժողովրդի հետ»:

Տիգրան Քեռյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք գիտական հոդվածները, որոնց մասին շարունակ խոսում ենք, լուծու՞մ են հասարակության հիմնախնդիրները. «Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բայց ոչ բոլորն են արդյունավետ իրականացել, քանի որ չի եղել երկխոսություն տեղացի բնակիչների հետ»:
Սեմինար-քննարկմանը ներկայացվեց նաև տրանսդիսցիպլինար դասավանդման և հետազոտության էությանը, հիմնական առանձնահատկություններին`որպես նորարարական գաղափար ՀՀ կրթական համակարգում, ինչպես նաև բուհերի հասարակական դերի ընկալմանը և տրանսդիսցիպլինար սկզբունքների կիրառության հնարավորություններին նվիրված հետազոտական աշխատանքի նախնական արդյունքերը։

«Պետք է առանձնացնել մի կարևոր հանգամանք՝ փորձի, մեթոդի, կառուցվածքի ուղղակի կրկնօրինակումը արդյունավետ չի լինում և կրթական բարեփոխումներում պետք է ելնել իրողությունից, մարդկային ռեսուրսներից՝ ուսանողների և դասախոսների որակից: Կիրառելի է այն փորձը, որը ելնում է մեր հնարավորություններից և իրողություններից. մնացածը տեսական վարժություններ են, ոչ թե փորձի փոխանակում»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և կարևորեց Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի միջազգային համագործակցության արդյունավետ փորձը, առավել ևս, երբ դրանում ներգրավված են նաև ուսանողները:

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խոեցյանն էլ, ներկայացնելով Շվեյցարիայի Բեռնի, Ավստրիայի Վիեննայի Բոկուի, Թբիլիսիի պետական համալսարանի և ՀՊՄՀ-ի համագործակցությունը, ընդգծեց, որ հասարակական պատվերով պայմանավորված զարգացման բոլոր նախահիմքերը իրենց արտացոլումն են գտնում կրթական և գիտական դաշտում:

«Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը միջազգային համագործակցության շրջանակներում կրթության ոչ ստանդարտ մեթոդների կիրառմամբ ոչ միայն ուսանողներին, այլև հասարակության տարբեր խավերին է ներկայացնում այն կրթական բարեփոխումները, որոնց պոտենցիալն ունի մեր բուհը: Տրանսդիսցիպլինար հետազոտության մեթոդը նոր է և առաջադիմական, այն անդրգիտակարգային մեթոդ է, որը կիրառում ենք»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու հավելեց, որ հասարակության և բուհի միջև եղած անջրպետը վերացնելու կարևոր օղակը կրթությունն է:

Սեմինար-քննարկումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: