ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին համընդհանուր ներառականության գործընթացի կայացման գնահատման արդյունքները
14.05.2019
Ներկայացվեցին համընդհանուր ներառականության գործընթացի կայացման գնահատման արդյունքները

Մանկավարժական համալսարանում ներկայացվեցին ՀՊՄՀ-ի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ի կողմից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները:

«Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում հետազոտություններ են իրականացվել ՀՀ-ի Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի շուրջ 114 դպրոցներում և 11 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:

Ծրագիրն իրականացվել է 2018-2019 թթ. դեկտեմբեր մարտ ամիսներին՝ նպատակ ունենալով վերհանել ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրման և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերները:

ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին և կարևորելով հետազոտության իրականացումը՝ ընդգծեց, որ դա կնպաստի մեր երկրի մյուս մարզերում համընդհանուր ներառականության անցնել առավել անցնցում և քիչ խոչընդոտներով:

«Մարդկային հնարավորություններն անսահմանափակ են՝ անկախ նրանց ֆիզիկական փոքրիկ թերզարգացումներից. դրանում ևս մեկ անգամ համոզվեցի՝ քիչ առաջ մասնակցելով հատուկ դպրոցներից մեկում կազմակերպված միջոցռման ընթացքում»,-նշեց ԿԳ փոխնախարարն ու հորդորեց ներառականությանը վերաբերվել ոչ թե երեխաներին դպրոց ճանաօպարհելու, այլ նրանց ապրելու և ստեղծագործելու հնարավորությունը վերադարձնելու տեսանկյունից:

Լուսինե Առաքելյանը վստահ է՝ ԿԳ նախարարությունը ճիշտ ուղու վրա է, երբ որդեգրել է ինքնաքննադատվելու, կանխատեսելու, վերանայելու, հնարավոր թերությունները կանխելու, բացթողումները շտկելու քաղաքականություն՝ օրակարգում պահելով երեխայի շահը:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանն արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և կարևորեց այն հանգամանքը, որ ներկաները բացառապես խնդրով շահագրգիռ մարդիկ են՝ ՀԿ-ների, դպրոցների, պետական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ աշխատաժողովը հնարավորություն կտա արդյունքները հիման վրա վերլուծել կրթության ոլորտի առջև խնդիրներն ու մարտահրավերներն ու վերհանել դրանց լուծման հնարավոր ուղիները:

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի նախագահի ներկայացուցիչ Հայր Մաշտոց վարդապետ Զահթերյանն իր օրհնությունը բերեց աշխատանքների ընթացքին և ընդգծեց, որ հայերը՝ որպես քրիստոնյա ազգ, դարերի ընթացքում ձգտել են անկարողությունը վերածել արդյունաբերության. ստեղծել առողջ միջավայր՝ օգտվելով գիտության ընձեռած ժամանակակից միջոցներից. «Հավատում ենք, որ կարիքավորները աննկուն կամքի տեր անհատներ են: Նրանք այն մարդիկ են, որոնք կդառնան հասարակության կարևոր մասը՝ մեր նեցուկ կանգնելով»,-հավելեց Հայր Մաշտոց վարդապետ Զահթերյանը:

Մինչ «Դպրոցներում և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում ներառական կրթության որակի գնահատման, առկա խնդիրների վերհանման հետազոտությունը» ներկայացնելը, Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ռազմավարական ուղղության պատասխանատու Գայանե Նորիկյանը ներկայացրեց կառույցի առաքելությունը, ոլորտում ունեցած կարևոր դերակատարությունը: Անդրադառնալով հիմնական 6 ռազմավարական ուղղություններին՝ Գայանե Նորիկայանը ներկայացրեց նաև 2017-2019 թվականների ձեռքբերումները:

«Համընդհանուր ներառականության գործընթացի կայացման գնահատումը ՀՀ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում» գիտական ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դոցենտ Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները և հավելեց, որ դրանց վերաբերյալ շահակիցների կարծիքներն ու առաջարկները հնարավորություն կտան աջակցել պետությանը և մյուս մարզերում համընդհանուր ներառականությունն իրականացնել առավել քիչ թերություններով:

Վերջինս հավելեց նաև, որ Մանկավարժական համալսարանում «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ը ստեղծվել է UNICEF-ի բարձր հովանու ներքո Մինեսոտայի համալսարանի հետ համագործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով հետազոտություն իրականացնել ՀՀ-ի հաշմանդամության հիմնախնդիրների և համայնքային ներառականության հետ առնչվող ոլորտներում, տալ համապատասխան լուծումներ, ներկայացնել առաջարկներ: Կենտրոնում իրականացվում են նաև գիտական, գիտաուսումնական և ուսումնամեթոդական հետազոտություններ, որոնց գիտական արդյունքները կներդրվեն կրթության ոլորտում:

Աշխատաժողովը շարունակվեց քննարկումներով, եղան առաջարկներ: Ավարտին ներկայացվեց նաև «Հայկական Կարիտաս»-ի կողմից թարգմանված «Ներառման ինդեքս» ուղեցույցը, որը նախատեսված է դպրոցների պայմանների գնահատման համար: