ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ինտեգրման խնդիրները
14.03.2019
Ներկայացվեցին հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ինտեգրման խնդիրները

Մանկավարժական համալսարանի շրջանավարտների աշխատանքային զբաղվածության և գործազրկության ծավալների, ցուցանիշների, չաշխատելու հիմնական պատճառների և առհասարակ աշխատաշուկայում տիրող իրավիճակի մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սոցիոլոգիական տվյալներ ներկայացրին փիլիսոփա, ՀՊՄՀ-ի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը և փիլիոսփայական գիտությունների դոկտոր, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը:

Գիտության պետական կոմիտեի բազային ֆինանսավորմամբ Մանկավարժական համալսարանի աշխատանքային խմբի իրականացրած հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ինտեգրման խնդիրները բուհի 3 ֆակուլտետների՝ 2014 թվականի շրջանավարտների օրինակով:

Սկզբնական կրթության, Բանասիրական և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների շրջանավարտների շրջանում հարցումն իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ հեռախոսային հարցման մեթոդով և ստանդարտացված հարցազրույցի սկզբունքով:

Հատկանշական է, որ նշված տարվա շրջանավարտների 66.5 %-ն ապահովված է աշխատանքով. ի դեպ, տղամարդիկ 100%, իսկ կանայք 64.4 %-ով:

Իսկ ըստ 3 ֆակուլտետների, 72.7 % ցուցանիշով աշխատանք ունեն ավելի շատ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շրջանավարտները:

Անդրադառնալով չաշխատելու պատճառներին՝ բանախոսները հարցման արդյունքներում առանձնացրին անհատական, ընտանեկան դրդապաճառները (24%), մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքի բացակայությունը, ինչպես նաև վարձատրության գրավիչ չափն ու ուսումը մագիստրատուրայում շարունակելու հանգամանքը:

Սոցիոլոգիական հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև շրջանավարտների աշխատանքային զբաղվածության նկարագիրը՝ բուհում ստացած մասնագիտությանը համապատասխանելու տեսանկյունից:

Գիտակրթական ոլորտ, ծառայություններ, առևտուր, ֆինանսական ոլորտ, մշակութային հաստատություններ և այլն. սրանք տնտեսության այն ոլորտներն են, որտեղ լուծվել է հարցմանը մասնակցած երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրը:

Հարցման տվյալներում առավել ուշագրավ են աշխատանք գտնելու հարցում վճռորոշ դեր ունեցած գործոնները. 40.3%-ով առաջին տեղում է անձնական նախաձեռնությամբ հիմնարկություններ այցելելն է, ծանոթների, ընկերների խորհուրդներն ու առաջարկները, ինչպես նաև ուսումնական պրակտիկաների արդյունքում ձևավորված կապերը, իսկ նվազագույն արդյունքով՝ 1.6 %-ով գործատուի նախաձեռնությունն ու առաջարկն է:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց կատարված աշխատանքը, ինչը հնարավորություն կտա նախանշել հանրակրթության ոլորտում եղած մի շարք խնիրների լուծման ուղիները:

«Կրթության հիմնախնդիրները կապվում են բուհի հետ, ուստի մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ կշիռ ունեն ՀՊՄՀ-ի շրջանավարտներն աշխատաշուկայի համար, պարզել բուհի ուժեղ և թույլ կողմերը և այն հնարավորությունները, որոնց բարելավմամբ կունենաք առավել դրական արդյունք»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ սա լավ առիթ է նաև կրթության որակի վերաբերյալ հասարակական սպասումներն ու աշխատաշուկայի նկարագիրը:

Հասմիկ Հովհաննիսյանը ևս ընդգծեց ուսումնասիրման անհրաժեշտությունը և այդ գործում կարևորեց կամավորների աշխատանքը: Վերջինս հավելեց նաև, որ հետազոտությունը վերլուծության տեսքով հրապարակվել է առանձին գրքույկով և ենթարկվել մոդելային վերլուծության:

Հովհաննես Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ շուկայական կամ ազատական տնտեսության ճանապարհն ընտրած երկրների համար մասնագիտական կրթության գերխնդիրների շարքում շուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ պատրաստելու հարցն է, ինչն ավելի հեշտ է կենտրոնացված տնտեսություն ունեցող երկրների համար: Նա ընդգծեց նման հետազոտությունների անցկացման կարևորությունը և հավելեց, որ Հայաստանում առաջին նման հետազոտությունն իրականացվել է 2005 թվականին՝ ՄԱԿ-ի ազգային զարգացման ծրագրի շրջանակներում:

Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ նաև հետազոտության եզրահանգումներին և նշեց, որ աշխատաշուկայում ներգրավման տեմպերն ու հնարավորությունները գնալով ավելի են պայմանավորվում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակով, ինչի շնորհիվ նվազում է ծանոթ-բարեկամների խորհուրդների, առաջարկների և միջնորդությունների դերը: Աշխատանքային խումբն այն կարծիքին է, որ կարևոր է նաև բուհերի կառավարման օղակներում և ֆակուլտետների խորհուրդներում գործատուների ներկայությունն ապահովելը, որը դրականորեն կանդրադառնա նաև պրակտիկաների բարելավման, դրանց դերի բարձրացման և աշխատանքային զբաղվածության որոշ երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից: Ի թիվս այլ երաշխիքների, հետազոտության նախաձեռնողներն առանձնացնում են բուհերում ստեղծված կարիերայի զարգացման կենտրոնների գործառույթների ընդլայնումը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների համակարգումն ու աշխատաշուկայում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցողների համար օրենսդրական հստակեցումներ ներառելը: