ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին կրթության արդիականացման ևս մեկ ծրագրի արդյունքները
06.02.2020
Ներկայացվեցին կրթության արդիականացման ևս մեկ ծրագրի արդյունքները

Innostud.am կրթական հարթակ, 1 մուլտիմեդիոն լաբորատորիա, 2 հետազոտական լսարան՝ հագեցած տեխնիկական միջոցներով ու տեղեկատվական տեխնոլոգիաներով: 

Այսօր ամփոփվեցին 2017 թվականին Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետում մեկնարկած «Նախադպրոցական եւ տարրական կրթության արդիականացում՝ ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» ծրագրի արդյունքները:

Այն իրականացվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներից:

Ծրագրի իրականացման ընթացքում վերապատրաստվել են դասախոսներ, փոփոխվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչները, վերանայվել մեթոդիկաների, մասնագիտական դասընթացները, տեղեկատվական տեխնոլոգիաների առարկաների նկարագրերը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց ծրագրի իրականացումը, որն ուղղված է տարրական կրթության որակի բարելավմանը:

«Այս ծրագիրն էլեկտրոնային բաղադրիչն օգտագործելու լայն հնարավորություններ է ընձեռում՝ ամուր կապ ստեղծելով համալսարանի և դպրոցների միջև»,-նշեց ռեկտորն ու խոսելով համալսարանական կրթության վերաբերյալ հնչող քննադատություններին՝ ևս մեկ անգամ ընդգծեց, որ ամենից կայացածը տարրական կրթության համակարգն է:

Ներկայացվեց նաև innostud.am կրթական հարթակը, որտեղ ներկայացված են տարբեր դասախոսների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների և կրտսեր դպրոցականների համար:

Ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկոտոր Մհեր Մելիք-Բախշյանը կարևորեց ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումները և ընդգծեց, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել նոր ժամանակների պահանջներին համահունչ մասնագետներ:

«Այն հնարավորություն կտա ուսուցման ընթացքում ներդնել ժամանակակից մեթոդներ, կիրառել կրթական նոր հարթակը, որը ինտերակտիվ կդարձնի դասապրոցեսը, ուսուցիչներին հանարավորություն կտա ավելի ակտիվ կազմակերպել ուսուցման գործընթացը և աշակերտներին ներգրավել ամենակարևոր՝ ուսուցման գործընթացին»,-հավելեց պրոռեկտորը:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն էլ հավելեց, որ ծրագրի իրականացումից ի վեր փոխվել է ֆակուլտետի առօրյան, կրթական միջավայրն ու բովանդակությունը: Նա այն կարծիքին է, որ այս ամենը թիրախավորված է ուսանողի համար. դեռ համալսարանում ապագա մանկավարժը կարողանում է ստեղծել էլեկտրոնային նյութեր. «Այդ դեպքում նրանք աշխատաշուկայում կլինեն ավելի պահանջված և դպրոցներ կմտնեն՝ պատրաստ նոր ժամանակակից տեխնիկային ոչ որպես միայն տեխնիկա, այլև կրթական տեխնոլոգիա»:

Մասնագետները սովորել են, թե ինչպես ստեղծեն էլեկտրոնային գրադարան, որը ներկայումս ունի ավելի քան 3000 փաթեթ, գործիքներ, վարժություններ: Դրանք կարող են կիրառել ինչպես նախադպրոցական հաստատությունների երեխաների, այնպես էլ տարրական դասարանների աշակերտների հետ աշխատանքում:

Ծրագիրը լայն հնարավորություններ է ընձեռում ապագա մանկավարժներին՝ սովորելու և սովորեցնելու աշխատել մուտիմեդիոն մեթոդներով: