ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին մանկավարժական պրակտիկայի դիդակտիկ նյութեր
09.06.2023
Ներկայացվեցին մանկավարժական պրակտիկայի դիդակտիկ նյութեր

Ձեռագործ տիկնիկներ, տառադարաններ, պատկերազարդ տետրեր, բառագրքեր, քարտեր, պաստառներ և հետաքրքրական դիդակտիկ այլ պարագաներ մեկ ցուցահանդեսում․ Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների 2-3-րդ կուրսերի ուսանողներն այսօր ներկայացրին մանկավարժական պրակտիկայի ընթացքում ստեղծած աշխատանքները, դրանց կիրառման ձևերը, նպատակներն ու անհրաժեշտությունը:

Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությունն ուսանողերի համար պրակտիկայի գործընթացի յուրատեսակ հաշվետվություն է, և ինչպես նկատում է ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, փորձի փոխանակման, կատարած աշխատանքի վերաբերյալ կարծիքներ լսելու, թերությունները շտկելու, ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը զարգացնելու հնարավորություն։

Պրոֆեսոր Թոփուզյանը նկատում է՝ մանկավարժական գիտությունում, մասնավորապես՝ բուհական մանկավարժությունում պրակտիկան մեծ դեր ունի․ ապագա ուսուցչի պատրաստման գործում դրա կարևորության մասին են բարձրաձայնում նաև ոլորտի առաջատար մասնագետները։

Փորձառու մանկավարժը կարծում է, որ լավ մասնագետ չես դառնա, եթե լիարժեք մանկավարժական պրակտիկա չես ունեցել։ Վստահեցնում է՝ բուհի պատասխանատու օղակները հաճախ են անդրադառնում պրակտիկայի հարցերին, բայց անելիքները շատ են՝ ուսանողների շրջանում պրակտիկայի նկատմամաբ այլ վերաբերմունք ձևավորելու, որպես մանկավարժ կայանալու ճանապարհին․«Ուսանողները հաճախ չեն կարողանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել։ Այնինչ դասավանդման գործընթացը հենվում է գործիքների, այն է՝ մեթոդների վրա, որով էլ պայմանավորված է դասավանդման ընթացքը»,-նշեց Աիդա Թոփուզյանն ու հավելեց՝ ուսանողներից հաճախ է հետաքրքրվում՝ ինչ առաջարկներ և նկատառումներ ունեն պրակտիկայի գործընթացը բարելավելու համար։

Ցուցահանդեսին դիդակտիկ նյութերի ներկայացմանը զուգահեռ ուսանողներն իրենց կարծիքը հայտնեցին պրակտիկայի ընթացքի, իրականացրած տարաբնույթ աշխատանքների վերաբերյալ։

Ապագա մանկավարժներից շատերն ընդգծեցին, որ պրակտիկան ու ամենօրյա պրպտումներները նպաստել են ինքնակատարելագործվել, գտնել մեթոդներ, իսկ խաղ-վիկտորինաների, մուլտֆիլմերի, վարժությունների, պաստառների կիրառման շնորհիվ բացահայտել և զարգացրել են երեխաների մտածողությունը, կարողություններն ու հմտությունները։

Գիտելիքների ձեռքբերում, ստեղծագործականություն, կամային որակներ, փոխհամագործակցություն, սխալվելու վախ, ինքնադրսևորման հնարավորության պակաս, խմբային աշխատանքների կազմակերպման դժվարություններ․ուսանողները թվարկեցին պրակտիկայի ընթացքի թույլ և ուժեղ կողմերը, մեկ անգամ ևս ընդգծելով դրա բացառիկ դերն ու կարևորությունը մասնագետի ձևավորման և աշխատանքում կիրառելու համար։