ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը:
«Սեյսմիկ ռիսկերը ՀՀ-ում և սեյսմապաշտպանություն վարքականոնները» թեմայով սեմինար-քննարկմանը բանախոսը խոսեց երկրաշարժի, դրա տեսակների, բալ և մագնիտուդ հասկացության, աշխարհի սեյսմիկ գոտիների, սեյսմիկ ալիքների տեսակների մասին
Դասախոսությանն անդրադարձ եղավ նաև սեյսմիկ գոտում գտնվող մեր երկրի ռիսկայնությանը, սեյսմոակատիվությանը, սեյսմիկ վտանգին, դրա գնահատմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներին և այլն
Սյուզաննա Կակոյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրով․ «ՀՀ տարածքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ սեյսմիկ ռիսկը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Որքան շատ և բազմազան են հայտնաբերված նախանշանները, այնքան մեծ է կանխատեսմանն ուղղված աշխատանքների արդյունավետության հավանականությունը»,-նշեց բանախոսն ու ընդգծեց, որ երկրաշարժն ունի մեկ կանոն՝ կրկնելիության միտում, սակայն ճշգրիտ կանխատեսման հնարավորություն աշխարհում դեռևս առկա չէ
Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանն էլ կարևորեց՝ ֆակուլտետն ավելի քան 5 տարի համագործակցում է ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, մասնավորապես՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի հետ։ Բուհի ուսանողները հաճախ են այցելում այնտեղ, իսկ մանկավարժական պրակտիկայի շրջանակներում այցերին են միանում նաև դպրոցականները
Ի դեպ, այսօրվա սեմիաներին ներկա էին նաև Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաները։ Ինչպես ընդգծեց Վարդուհի Հովհաննիսյանը՝ կարևորում են բուհ-դպրոց-սեյսմիկ ծառայություն կապն ու համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս գործող և ապագա մանկավարժներին ծանոթանալ սեյսմապաշտպանության վարքականոններին, ինչը կարող է կյանքեր փրկել
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանն էլ խոսելով կառույցի գործառույթների մասին՝ նշելով, որ բնակչության տարբեր տարիքային խմբերի հետ իրականացվում են սեյսմապաշտպանության թեմայով իրազեկման աշխատանքներ՝ համապատասխան մեթոդաբանությամբ, ինչը միտված է գիտելիքների, հմտությունների զարգացմանը․«Մենք կարևորում ենք, որ Մանկավարժականն ակտիվ ներգրավված է գործընթացում, իսկ ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող հանդիպումներն էլ միտված են սեյսմիկ պաշտպանության ոլորտում ռիսկերի նվազեցման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը»