ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նկարիչ, ով երկխոսության մեջ է աշխարհի հետ
27.10.2017
Նկարիչ, ով երկխոսության մեջ է աշխարհի հետ

Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանն այսօր հյուրընկալել էր բուհի շրջանավարտ, նկարիչ Արթուր Օշականցուն (Սարգսյան):

«95 տարիների ընթացքում Մանկավարժական համալսարանն ունեցել է հարյուր հազարից ավելի շրջանավարտներ, որոնց զգալի մասն իր ուրույն դերակատարությունն է ունեցել մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտների զարգացման գործում: Դա շրջանավարտների այն պաշարն է, որով բուհը հպարտացել և առ այսօր հպարտանում է. այդպիսին է նաև Արթուր Օշականցին»,-նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու շնորհակալություն հայտնեց նրան՝ Միացյալ Նահանգներում հայկական արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար:

Նկարչին նվիրված ցերեկույթին ներկա էին ուսանողներ, նկարիչներ, արվեստագետներ, նրա արվեստը գնահատողներ:

«Արթուր Օշականցին ինձ համար Հայաստանն է՝ հայ ժողովրդի արժանի զավակներից: Նա արթնանում ու ապրում է իր երկրով ու բազում թելերով կապված է հայկական մանրանկարչության և հայրենիքի հետ»,-նշեց արվեստաբան Մարտին Միքայելյանն ու ապագա նկարիչներին հորդորեց շրջապատել նկարչին, համախմբվել նրա շուրջ՝ նրան նախ պետք է հայրենիքը գնահատի:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը կարևոր իրադարձություն համարեց նկարչի հյուրընկալվելը բուհում և նկատի ունենալով Օշականցուն՝ ուսանողներին վստահեցրեց, որ նման բարձունքի հասնելու գլխավոր նախապայմանը աշխատասիրությունն է:

«Ոսկեզօծ աշնանը կազմակերպվեց եղանակին համապատասխան գույներով ստեղծագործող նկարչի հետ հանդիպումը»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ 20 տարի զբաղվել է սփյուռքահայ արվեստի ուսումնասիրմամբ ու միշտ ինքն իրեն հարցրել՝ եթե արվեստագետը սովորում, մայրական գուրգուրանքն ստանում է հայրենիքում, իսկ ստեղծագործում արտասահմանում, նրան հա՞յ արվեստագետ է պետք համարել. «Հիմա արդեն ունեմ դրա պատասխանը. եթե արվեստագետն անկեղծ է և իր կտավներում երևում է ազգային նկարագիրը, ուրեմն նա հայ է»:

Նկարչի արվեստի մասին խոսեց նաև բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը՝ նկատելով, որ նա յուրահատուկ փայլ է հաղորդել հայ գեղանկարչությանը, մի նոր էջ բացել հայ կերպարվեստում՝ գույնի ինքնատիպ զգացողությամբ. «Նա խիստ ազգային արվեստագետ է, ում մեջ արվեստն ու մարդկային արժանիքները համատեղված են»:

Հայկական մշակույթի ներկայիս խնդիրների, արվեստագետներին գնահատելու, արժևորելու մասին խոսեց նաև ճարտարապետ Լևոն Իգիթյանը՝ վստահեցնելով, որ հայկական մշակույթի մասին խոսելիս պետք է հիշել՝ մեթոդներով հայի գենի հետ հնարավոր չէ խոսել. գիտությունը պետք է ընդունի, որ կա պարզապես հայկական լեռնաշխարհ:

«Արթուր Օշականցին ստեղծագործում է առանց գոռալու, աղաղակելու, նա արվեստագետ է, ով մեր անունից աշխարհի հետ երկխոսության մեջ է»,-նշեց Լևոն Իգիթյանը և հույս հայտնեց, որ նկարիչն առաջիկայում ցուցադրություն կունենա նաև հայրենիքում:

Ցերեկույթի ավարտին խոսեց նաև Արթուր Օշականցին և վստահեցրեց, որ հայրենիքից մեկնելու է բավարարված, հպարտ ու երջանիկ. «27 տարի անց ես նորից իմ տանն եմ: Բազմաթիվ պարգևներ ու գնահատականներ ունեմ հայրենիքից դուրս, հիմա միայն հասկացա, որ ամենաբարձր գնահատականը ես այսօր ստացա»,-նշեց նկարիչն ու շնորհակալություն հայտնեց հարազատ կրթօջախում ջերմ դիմավորելու համար:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը Արթուր Օշականցուն նվիրեց գրքեր, գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս և այլ նվերներ: