ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր գիտելիքներ ու հմտություններ՝ միջազգային «Ամառային դպրոց»-ում
17.08.2019
Նոր գիտելիքներ ու հմտություններ՝ միջազգային «Ամառային դպրոց»-ում

Դասախոսություններ, քննարկումներ, նոր փորձ ու գիտելիքներ հաղորդող դասընթացներ․ «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրում կարևորվում է նաև մասնակիցներին նոր կարողություններով ու հմտություններով զինելը։ 

Հենց առաջին օրը ուսանողները ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանի և դոցենտ Դավիթ Պողոսյանի հետ ունեցան «Ես և Հայաստանը» թեմայով քննարկում, որի ընթացքում մասնակիցները  ներկայացրին մինչև այցելությունը մեր երկրի վերաբերյալ իրենց պատկերացումները՝ խաչքարերից մինչև Արարատ, հայկական մրգերից մինչև մշակութային հայտնի կոթողներ։

Ծրագրի ընթացքում ուսանողների համար երկլեզու դասախոսություններով հանդես եկան բուհի դասախոսներ Անի Խուդոյանն ու Սերոբ Խաչատրյանը։

Ուսանողներն Անի Խուդոյանի հետ ուսումնասիրեցին հեղափոխության ընթացքում սոցիալական հոգեբանության էտապները, դերախաղերի միջոցով իրենց փորձեցին  հայտնի գիտնականների դերում, ապա հոգեբանական թեստի միջոցով որոշեցին խմբի լիդերին։

Օտարազգի ուսանողները Սերոբ Խաչատրյանի հետ քննարկեցին կրթության փիլիսոփայությունը և այն խնդիրները, որոնք ունեն 21-րդ դարի ուսանողները․ ավարտին գիտելիքներն ու ստացած նոր հմտություններն ամրապնդեցին հետաքրքիր մեթոդներով։ 

Այս օրերին ուսանողները մասնակցեցին նաև «Լրագրությունը զարգացող երկրներում» թեմայով դասախոսությանը, որն անցակցրեց ՀԲԸՄ հաղորդակցության բաժնի աշխատակից, լրագրող Գևորգ Մնացականյանը, իսկ ՀՊՄՀ-ի  Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանի հետ քննարկեցին ներառականության անհրաժեշտության, ներառական կրթության վերաբերյալ իրենց երկրներում առկա մի շարք խնդիրների մասին։

«Ինձ իսկապես դուր են գալիս դասախոսությունները, որովհետև դրանց ընթացքում բավական հետաքրքիր ու արդիական թեմաներ են քննարկվում»-, նշում է Լեհաստանի Վարմիայի և Մազուրիի համալսարանի ուսանող Աննա Ուրշուլան՝ հավելելով, որ իրեն դուր է գալիս դասերի, ժամանցի և հանգստի միջև պահվող հավասարակշռությունը։

Յանկ Կուպալի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փոխդեկան Նարինե Ավետյանն էլ ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը խոսեց հասարակության համակարգային բնութագրերի, իսկ ՀՊՄՀ-ի դոցենտ Սամվել Ասատրյանը՝ կրթական հեղափոխության վրա մեդիայի ազդեցության մասին։ 

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանի դասախոսության ընթացքում ծրագրի մասնակիցների հետ քննարկվեցին սեփական տեսակետը, կարծիքը բարձրաձայնելու և սեփական դիրքորոշմանը հասարակական հնչեղություն տալու հիմնահարցերը։ Խնդիրը դիտարկվեց տեսակետը հնչեցնողի, բուն տեսակետի դիտարկման և թիրախային խմբի տեսանկյուններից։ Աշխատանքային խմբերի հետ քննարկվեցին տեսակետի պատկերավոր ձևակերպման և դրա ներկայացման հիմնական սկզբունքները՝ լեզվական, հարալեզվական և արտալեզվական տիրույթներում։ Այնուհետև, ամառային դպրոցի խմբային նախագծերի շրջանակներում փորձ արվեց ձևակերպել փաստացի խնդիրներ կրթության լորտում՝ հասարակությանը ներկայացնելու նպատակով։ Աշխատանքային խմբերը առանձնացրին ուսումնառության ոլորտում նորարարության, մոտիվացիայի, ուսանողակենտրոն մոտեցումների առաջնայնությունը։

aspu.am-ի հետ զրույցում ծրագրի մասնակիցները նշում են՝ դասախոսություններն ու գործնական պարապմունքները ևս հետաքրքիր են, քանի որ թույլ են տալիս վերլուծել ներկա ժամանակներում կրթական համակարգի խնդիրները, սովորել նոր հմտություններ ու կարողություններ։

Հավելենք, որ դասախոսությունների ընթացքում ստացած գիտելիքները ուսանողներ կկիրառեն առաջիկայում․ ուսանողներից ձևավորված թիմերն այս օրերին աշխատում են «Կրթության հեղափոխություն» թեմայի շուրջ։