Ապրիլի 8-13-ը Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դոցենտներ Մարիաննա Հարությունյանը և Վերա Մարուքյանը։
Վատիկանի անմիջական հոգածության ներքո գտնվող համալսարանի հետ Մանկավարժականն ունի երկարամյա համագործակցության փորձ, մասնավորապես՝ պատմության և իրավագիտության ոլորտներում։
Այս այցով համագործակցությունն ընդլայնվում է՝ ընդգրկելով հոգեբանության, հատուկ և ներառական կրթության ոլորտները ևս:
Աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ եղան Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Միջազգային բաժնի աշխատակազմի, Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր Նանդոր Բիրհեի, ինչպես նաև Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչի հետ։
Հանդիպումների ընթացքում քարտեզագրվեցին հոգեբանության ոլորտում իրականացվող հետազոտությունների ուղղությամբ համագործակցության, ինչպես նաև հատուկ կրթության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Այցի շրջանակներում ՀՊՄՀ պատվիրակները եղան նաև Հունգարիայի Արտաքին գործերի նախարարությունում, հանդիպեցին Հունգարագիտության, Սփյուռքի և Բալասի ծրագրերի բաժնի ղեկավար Զոլտան Հերնյեսին և նրա թիմին։
Քննարկվեցին ՀՊՄՀ-ում «Հունգարական մշակութային կենտրոն»-ի ստեղծման հիմնական դրույթները, կենտրոնի գործառույթներն ու ընթացակարգային հարցեր։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավարտին հասցնել պայմանագրային աշխատանքները, իսկ մայիսին կնքել նորը՝ կենտրոնի բացման վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքների մեկնարկը նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերին: