ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր համագործակցություն Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ
22.03.2017
Նոր համագործակցություն Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ

Մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի միջև այսօր կնքվեց համագործակցության մասին հուշագիր: Այն ստորագրեցին երկու բուհերի ռեկտորներ Ռուբեն Միրզախանյանն ու Մարգարիտա Ռուսեցկայան:

Համաձայնագիրը նախատեսում է նպաստել ՀՊՄՀ-ում ռուսաց լեզվի դասավանդմանը, թեստավորմանը, որակավորման բարձրացմանը, մասնագիտական վերապատրաստմանը, թեստագետների պատրաստմանը՝ նաև Ինստիտուտի հեռավար կրթական ռեսուրսների կիրառմամբ: Հուշագիրը թույլ կտա կազմակերպչական, մեթոդական և տեխնիկական աջակցություն տրամադրել ռուսաց լեզվի ուսուցմանն ու սերտիֆիկացված թեստավորմանն առնչվող նախագծերին և ծրագրային արտադրանքին՝ այդ թվում նաև «Կրթությունը ռուսերենով» պորտալի միջոցների կիրառմամբ: Համաձայնագիրը թույլ կտա կազմակերպել համատեղ օլիմպիադաներ, ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի իմացությանը, ինչպես նաև ազգային լեզվի իմացությանն առնչվող այլ ստեղծագործական մրցույթներ:

ՀՊՄՀ-ի ռեկտորի կարծիքով՝ համաձայնագիրը որոշակի հեռանկարներ է բացում երկու բուհերի համար, իսկ նորաբաց «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնի գործունեությունը թույլ կտա դասախոսներին և ուսանողներին ցուցաբերել իրենց գիտելիքներն ու կարողությունները:

Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ ռուս պատվիրակների երկօրյա այցի ընթացքում արդենիսկ համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ, որ ՀՊՄՀ-ում մի քանի կիսամյակ ռուսաց լեզու դասավանդեն գործընկեր բուհի դասախոսները:

«Ծրագրերը մեծ են, անելիքները՝ շատ: Լուրջ քայլեր կձեռնարկենք, որ ռուսաց լեզվի ոսուցման խնդիրները Մանկավարժական համալսարանի միջոցով իրականցվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,-ասաց Ռուբեն Միրզախանյանն ու գործընկերների անունից վստահեցրեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն:

Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան ևս շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և ընդգծեց, որ երկու ազգերի երևելի մարդկանց անունը կրող բուհերի համագործակցությունը մեծ նշանակություն և կարևորություն ունի երկու երկրների համար էլ:

«Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց նորից կհանդիպենք և կքննարկենք համագործակցության արդյունքները: Մաղթում եմ, որ այն լինի երկարատև ու արդյունավետ՝ հանուն երկու երկրների կրթության զարգացման, ժողովուրդների մեջ ձևավորված բարի ավանդույթների պահպանման»,-նշեց Մարգարիտա Ռուսեցկայան:

Ռուս գործընկերների երկօրյա այցի ավարտին Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան պարգևատվեց ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչմամբ:

Վերջինս շնորհակալություն հայտնեց պարգևի համար և հավաստիացրեց, որ բազմաթիվ պարգևների և կոչումների կողքին մանկավարժական բուհի պատվավոր դոկտոր լինելը յուրօրինակ թանկ է ու պատվաբեր. «Սա ավելացնում է նոր պատասխանատվություն, որն առաջին հերթին վերաբերում է ՀՊՄՀ-ի հետ համագործակցությանը: Կրթության ոլորտում գործունեություն ծավալելը յուրաքանչյուրիցս պահանջում է քաջություն և կոմպետենտություն, քանի որ մեր ամենօրյա աշխատանքով մեզ վրա ենք վերցնում մեծ պատասխանատվություն՝ ձևավորելու ուսանողների ապագան, որ մեր երկրի ապագան են»,-հավելեց Մարգարիտա Ռուսեցկայան:

Պրոֆեսորն իր խոսքն ավարտեց մեր երկրում ռուսաց լեզվի դրվածքի և զարգացման վերաբերյալ երախտագիտությամբ. «Այն, ինչ անում եք ռուսաց լեզվի պահպանման համար, արժանի է հարգանքի. մենք պատրաստ ենք աջակցել ձեր բոլոր նախաձեռնություններին»: