ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր համագործակցություն՝ հատուկ կրթության ոլորտում
29.05.2018
Նոր համագործակցություն՝ հատուկ կրթության ոլորտում

Մանկավարժական համալսարանի և «Չտեսնող, չլսողների աջակցության հիմնադրամ»-ի (Фонд поддержки слепоглухих «Со-единение») միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Այն երկու կառույցներին հնարավորություն է ընձեռում համագործակցել դասախոս-մասնագետների փոխանակային ծրագրերի, օնլայն դասընթացների, մասնագետների դասախոսությունների, հետագայում նաև լաբորատորիա կամ աջակցության կենտրոն ստեղծելու ոլորտներում:

Լսողության և տեսողության խանգարումների ու բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքներին աջակցության տրմադրման շրջանակներում կիրականացվեն փորձի փոխանակում, նորարարական, ախտորոշիչ, հոգեբանամանկավարժական  ծրագրեր և տեխնոլոգիաներ, կմշակվեն օժանդակության տրամադրման ժամանակակից ձևեր և մոդելներ:

Հիմնադրամի ներկայացուցիչները՝ կառույցի նախագահ Դմիտրի Պոլիկանովի ղեկավարությամբ, ՀՊՄՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկեցին հետագա համագործակցության ուղղություններն ու ձևերը:

Դմիտրի Պոլիկանովը վստահ է, որ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը շատ դինամիկ և արդյունավետ կլինի, ինչպես նաև օգտակար և´ դասախոսների, և´ ուսանողների համար: Նա անդրադարձավ նաև եվրոպական և ամերիկյան համալսարանների հետ հիմնադրամի համագործակցությանը, դրանց արդյունքներին և մի շարք ծրագրերի:

Նա խոսեց նաև ամեն տարի անցկացվող մագիստրոսների գիտաժողովի և իրենց կողմից կազմակերպվող «Ամառային դպրոց» ծրագրի մասին և ցանկություն հայտնեց այս շրջանակներում ևս սերտորեն համագործակցել:

Հիմնադրամի ներկայացուցիչներին հյուրընկալեց նաև բուհի  ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ներկայացնելով համալսարանի միջազգային համագործակցությունը՝ հույս հայտնեց, որ նոր սկիզբ առնող գործընկերությունը ևս կնպաստի հատուկ կրթության ոլորտի մասնագետների առաջընթացին:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանն aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ համագործակցությունը սկիզբ է առել հիմնադրամի կազմակերպած ամենամյա գիտաժողովներին իրենց մասնակցությունից:

«Քննարկել ենք երկուստեք մեզ հետաքրքրող հարցերը՝ հատկապես չտեսնողների և չլսողների բազմակի խանգարումների շուրջ խնդիրները, որոնք մեր երկրում քիչ  են լուսաբանված և ուսումնասիրված: Սա լավագույն հնարավորություններից է վեր հանել ոլորտի խնդիրները, մասնագիտական փորձի փոխանակում իրականցնել և հասնել դրանց լուծմանը»,- նշեց Թերեզա Ազատյանը: