ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր համագործակցություն՝ Սան Խոսեի պետական համալսարանի հետ
04.05.2018
Նոր համագործակցություն՝ Սան Խոսեի պետական համալսարանի հետ

Այսօր Մանկավարժական համալսարանի և ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Այն հնարավորություն կտա համագործակցել համատեղ հետազոտական ծրագրերի, ակադեմիական նյութերի և հրապարակումների փոխանակման, ֆակուլտետների անդամների և դասախոսների փոխանակում՝ քննարկումների և հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև մագիստրոսների փոխանակում՝ ուսումնառության և հետազոտության բնագավառում:

Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակներն այցի ընթացքում հանդիպոցին ՀՊՄՀ-ի 5 ֆակուլտետի, Շախմատի և սպորտի, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ ծանոթանալու դրանց ուղղություններին, նախանշելու համագործակցության եզրերը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ողջունելով Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակությանը՝ ընդգծեց, որ Սիլիկոնյան հովտի մայրաքաղաքի պետական համալսարանը աշխարհագրական դիրքի և պրոֆեսորադասախոսական կազմի բարձր որակի շնորհիվ գտնվում է համաշխարհային գիտական և կրթական առաջընթացի կիզակետում:

«Երկու համալսարանների միջև համաձայնագիրը ընդհանուր պայմանավորվածությունների բնույթ է կրում: Համոզված եմ, որ ուսանողների և դասախոսների փոխայցելությունների արդյունքում կունենանք ավելի ընդլայնված համագործակցություն»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու որպես համագործակցության լավագույն փորձ՝ ներկայացրեց Ֆինլանդիայի Օուլուի և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների օրինակը:

Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաև Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանի՝ կրթության և գիտության ոլորտում շուրջ 30-ամյա փորձը և ընդգծեց, որ նա ԱՄՆ-ում անգլիական դարաշրջանի գրականության լավագույն մասնագետն է. «Մարի Փափազյանն ազգային հպարտություն է»,-հավելեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

«Բարև բոլորին, շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,-հայերենով ողջունելով ներկաներին՝ հայազգի պրոֆեսորն ընդգծեց, որ վերջին օրերին իր գործընկերների հետ արտասովոր փորձառություն անցան. «Մենք հասկացանք՝ այստեղ կուտակվել է մի մեծ էներգիա, որն ուղղված է նոր կամուրջներ կազմելուն, ստեղծարար նոր աշխատանքներ կատարելուն: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել Մանկավարժական համալսարան այցելելու. անջնջելի տպավորություններ ունեմ բուհի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների մասնակցությունից»,-նշեց Մարի Փափազյանն ու հավելեց, որ Կալիֆորնիայի և Հայաստանի միջև ջերմ կամուրջ կա:

Սան Խոսեի պետական համալսարանի նախագահի կարծիքով՝ ցանկացած համաձայնագիր իրականություն դարձնելու համար ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ, մեծ աշխատաքներ պետք է տարվեն համագործակցության ապագան տեսնելու համար:

«Գաղափարները շատ են: Այցի ընթացքում կարևոր գործնական քայլ կատարեցինք՝ հանդիպելով բուհի մի քանի ֆակուլտետների ներկայացուցիչների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկելու, նախանշելու համաձայնագրի շրջանակներում իրականացվող ուղիները»,-նշեց պրոֆեսոր Փափազյանն ու հավելեց, որ անհրաժեշտ է սկսել երկու բուհերի փորձի, չափանիշների, չափորոշիչների երկուստեք փոխանակումից:

Նրա կարծիքով՝ ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ուսանողներին ամենօրյա մանկավարժական աշխատանքով նախապատրաստել նորօրյա փոփոխություններին, դրանց հաղթահարմանը, սովորեցնել լինել դրանց առաջամարտիկը, առաջադեմ և նորարար:

«Ես անհամբեր կսպասեմ համագործակցության հաջորդ քայլին՝ ձեր կուտակած փոձառությունը վերցնելու նպատակով: Եկեք միասին հասնենք շատ հաջողությունների»,-նշեց պրոֆեսոր Մարի Փափազյանը:

Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ՝ Սան Խոսեի Պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանին շնորհվեց Մանկավարժական համալսարանի բարձրագույն պարգևը՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ: