ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր մանկավարժությունը համագործակցային մանկավարժությունն է․․․
13.05.2025
Նոր մանկավարժությունը համագործակցային մանկավարժությունն է․․․

12-րդ անգամ ՀՊՄՀ-ում անցկացվեց «Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս գիտաժողովը․ավանդական դարձած գիտական ձեռնարկը կազմակերպել էր Մանկավարժության ամբիոնը։

Ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը նկատում է՝ տարեցտարի կատարելագործվում են թեմաների ընտրության, դրանց պատրաստման ու պաշտպանության ներկայացնելու գործընթացները։ Այս տարի առաջնորդվում են ժամանակակից մանկավարժության պահանջներով․ նոր մանկավարժությունը համագործակցության մանկավարժությունն է։

Ինչպես նկատեց պրոֆեսոր Թոփուզյանը՝ ձեռնարկը հնարավորություն է տալիս մասնակիցներին զբաղվել հետազոտական աշխատանքով և դեռևս ուսանողական տարիներից ներդրում անել մասնագիտության մեջ։ Ասում է՝ հետազոտությունն ու ներդրումը նույնպես նոր մանկավարժության կարևոր պահանջներից է, իսկ գիտաժողովը պաշտպանությունից առաջ «գլխավոր փորձ», որ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս փորձարկել, քննարկել ավարտական թեզերի, հետազոտական աշխատանքերի արդյունքները։

Գիտաժողովը ողջունեց ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու կարևորեց նախաձեռնության շարունակականությունը, ուսանող-դասախոս սերտ համագործակցությունը․այն հնարավորություն է տալիս դասախոսներին ուսանողներին փոխանցել իրենց կարողություններն ու գիտելիքները, իսկ ուսանողներին՝ հարստացնել գիտելիքները՝ հետագա մանկավարժական գործունեությունը զարգացնելու առումով։

Մարիամ Իսպիրյանը մեկ անգամ ևս ընդգծեց մեզանում մանկավարժի դերը, ուժեղ դպրոց, կայացած կրթական համակարգ և ապագան այսօր կառուցելու կուռ արժեհամակարգ ունեցող հասարակություն ձևավորելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Գիտաժողովն ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություն համարեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը․ այն իր ձևաչափով շեշտադրում է համագործակցային մանկավարժության մոտեցումները, որտեղ դասավանդողն ու ուսումնառողը միասին են հաղթահարում ժամանակակից մարտահրավերները, փորձում գտնել դրանց լուծման ուղիներ։

Նրա դիտարկմամբ՝ ներկայումս մասնագիտական և ակադեմիական կրթության համատեքստում լսարանային ուսուցումը կորցրել է իր մենաշնորհը․նման նախաձեռնություններն այլընտրանք են, կրթության կազմակերպման խելամիտ և կանոնավոր ձևաչափ։ Հասցրել է ծանոթանալ նաև զեկուցումներին․դրանք բովանդակալից և ուշագրավ քննարկումներ են խոստանում։

«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս գիտաժողովի շրջանակում եղան համատեղ ելույթներ, որոնք, առաջիկայում կվերածվեն հոդվածների։ Ւնչպես նկատում են կազմակերպիչները՝ սա միասին գիտելիք ստեղծելու և կիրառելու յուրօրինակ ճանապարհ է, որը նաև նոր մանկավարժության առանցքային պահանջներից է։

Լիագումար նիստում զեկուցումներ եղան կրտսեր դպրոցականի սոցիալականացման գործընթացում միջանձնային փոխհարաբերությունների դերի, նախագծային մեթոդի՝ որպես աշակերտների հետազոտական կարողությունների ձևավորման միջոց, տարրական դպրոցում կրտսեր դպրոցականների ստեղծագործական երևակայության զարգացմանը նպաստող առաջադրանքների, կրտսեր դպրոցակաների փափուկ հմտությունների զարգացմանը՝ որպես սոցիալ-մանկավարժական հիմնախնդրի, կամավորական աշխատանքին՝ որպես ուսանողի սոցիալականացման միջոց և այլն։

Զեկուցողները թեմաների վերաբերյալ ներկայացրին կատարած հետազոտությունները, մեթոդների կիրառումը, վերլուծությունները, հանդես եկան առաջարկներով, եղան եզրակացություններ։ Իրենց ելույթներում դասավանդողներն ընդգծեցին ներկայացված թեմաների արդիականությունը, որոշ դեպքերում դրանց՝ կրթական նոր չափորոշչի հետազոտական բաղադրիչին համապատասխանեցումը։ Վստահեցրին՝ կատարվել են խորքային հետազոտություններ, գործընթացի շրջանակներում եղել են նաև բախումներ, բանավեճեր՝ աշխատանքի ամբողջական պատկերն ապահովելու և դրանց կիրառական նշանակությունն ապահովելու համար։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեց «Հանրակրթության ոլորտի ժամանակակից հիմնահարցերը» և «Մանկավարժության արդի հիմնախնդիրները» խորագրով մասնախմբերում՝ մանկավարժության ոլորտի մի շարք հիմնախնդիրների շուրջ հետազոտությունների ներկայացմամբ։