ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր նախագծեր՝ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները
19.10.2018
Նոր նախագծեր՝ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հյուրընկալեց չինական «Գոումեն» արտադրողականության խթանման կենտրոնի ղեկավար Խե Յու Րոնգին, Կրթական գծով պատասխանատու Ճաո Ջունին, Արտերկրում բիզնեսի գծով բաժնի տնօրեն Գան Չըն Ջինգին և կազմակերպության այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց բուհի մասնագիտությունները, մասնաշենքերը, դրանց ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մարզական համալիր, հոգեբանական կլինիկա ստեղծելու ուղղությամբ:

Խոսելով անելիքներից՝ Ռուբեն Միրզախանյանը առաջնահերթություն համարեց նաև բուհի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագիծը, որը կտրամադրվի Գեղարվեստական կրթության ֆակուլտետին: Այն հնարավորություն կտա ֆակուլտետի տարբեր բաժիններին կիրառել ժամանակակից տեխնիկական հնարավորությունները և կատարելագործել կիրառական արվեստի տարբեր ուղղությունները:

Չինացի հյուրերը ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ ներկայացված նախագծերին, հաշվի առնել բուհի հնարավորություններն ու ներուժը, ինչպես նաև ռիսկերը՝ ներդրումային ծրագիր իրականացնելու համար:

Կենտրոնի ղեկավար Խե Յու Րոնգը վստահեցրեց, որ վերադառնալուն պես համապատասխան մարմիններին կտեղեկացնեն առաջարկների վերաբերյալ և կքննարկեն հետագա անելիքներն ու համագործակցության եզրերը:

Չինացի հյուրերը խոստովանեցին, որ Հայաստան այցի շրջանակներում հետաքրքրված են երկրի տարբեր ոլորտներով՝ տնտեսությունից մինչև կրթություն, և հույս հայտնեցին, որ առաջարկվող նախագծերը որոշակի առումով կնպաստեն նաև հայ և չինացի ուսանողների փոխանակմանն ու երկու ժողովուրդների մշակութային երկխոսությանը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բարձր գնահատելով հայ-չինական հետզհետե ամրապնդվող կապերը, ևս մեկ անգամ ընդգծեց կրթության ոլորտում ունեցած համագործակցության արդյունավետ փորձն ու հույս հայտնեց, որ երկու երկրները պետական մակարդակում կքննարկեն դրա ընդլայնման անհրաժեշտությունը:

Կենտրոնի ղեկավար Խե Յու Րոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ նախագծերն ունենալուն պես կքննարկեն անելիքները, քանի որ չինական կողմը հետաքրքրված է հատկապես կրթության ոլորտում ներդրումներ կատարելով՝ ամրապնդելու համար հայ-չինական համագործակցության կամուրջը: