ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր որակներ, նոր հմտություններ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանից»
26.11.2024
Նոր որակներ, նոր հմտություններ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանից»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցությամբ նոյեմբերի 25-ին Աղավնաձորի ուսումնական բազայում հավաքվել էին ավելի քան յոթ տասնյակ տարբեր մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ։ Հանդիպման նպատակը՝ ապագա մանկավարժների համար ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան մանկավարժական և առաջնորդական հմտությունների զարգացումն էր։

Հանդիպման սկզբում համալսարանի ղեկավարության անունից ողջույնի խոսք ասաց Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։ Նա ընդգծեց, որ 21-րդ դարի ուսուցիչը պետք է ոչ միայն խորքային մասնագիտական գիտելիքներ ունենա, այլև առաջնորդական կարողություններ, մեդիագործիքների հետ աշխատելու հմտություններ և արդյունավետ հաղորդակցման կարողություններ։

Օրվա ընթացքում ուսանողները մասնակցեցին գործնական սեմինարների և վարժանքների, ծանոթացան դասարանային մշակույթի ձևավորման մեխանիզմներին, որոնք հիմնված են սոցիալ-հուզական ուսումնառության և նեյրոգիտության վրա։ Գործնական իրավիճակների մոդելավորմամբ իրականացրին տրավմայազգայուն ուսուցում, որոնք նպաստում են բարդ իրավիճակներում աշխատելու կարողությունների զարգացմանը։

Իրականացվեցին նաև արդյունավետ հաղորդակցման վարժանքներ, որոնք ուղղված էին հանրային խոսքի հմտությունների կատարելագործմանը։ Ուսանողները նաև քննարկեցին հետադարձ կապի կարևորությունն ու դրա արդյունավետ կիրառումը դասավանդման գործընթացում՝ ապահովելով ուսումնական բարձր արդյունքներ։

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ունեցան հնարավորություն միմյանց հետ փոխանակվելու փորձով, քննարկելու կրթական ոլորտի արդի խնդիրներն ու լուծումները։ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ծրագրերը և համագործակցության հնարավորությունները ապագա ուսուցիչների համար։

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին 2 կրեդիտ ծավալով հավաստագրեր՝ հաստատելով նրանց մասնակցությունը և ձեռք բերված հմտությունները։ Ուսանողներն արտահայտեցին իրենց գոհունակությունը միջոցառման կազմակերպման և ձեռք բերած արժեքավոր գիտելիքների համար։

Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր են երիտասարդ մանկավարժների համար, ովքեր պատրաստվում են մուտք գործել կրթական ոլորտ՝ զինված ոչ միայն մասնագիտական, այլև առաջնորդական և նորարարական հմտություններով։