ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Նորօրյա թեհլերյաններ». միջոցառում ՀՊՄՀ հիմնական դպրոցում
28.04.2021
«Նորօրյա թեհլերյաններ». միջոցառում ՀՊՄՀ հիմնական դպրոցում

ՀՊՄՀ համար 57 հիմնական դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները ներկայացրին Հայոց ցեղասպանության թեմայով գրական-երաժշտական ցերեկույթ։

«Նորօրյա թեհլերյաններ»  խորագիրը կրող միջոցառումը մեկնարկեց հայոց պանդխտությունը խորհրդանշող կռունկի երգով, իսկ Երաժշտության ուսուցչուհի Անուշ  Բարեղամյանի խմբավարմամբ հնչեցին կոմիտասյան երգեր՝ ներկաներին փոխանցելով հայ երգի ու մեղեդու անզուգական ելևէջներ։

Դպրոցականները  բեմադրեցին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթի սպանությունն ու դատավարությունը, ապա Պարույր Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի խոսքերով հավաստեցին,  որ  հայ մարդը հավերժի ճամփորդ է, ոչ մի ուժ չի կարող երկրի և  քարտեզի  երեսից վերացնել նման արարող ու աստվածային  ժողովրդին։ 

«Թեև մեզ հիմա էլ փորձեցին կոտորել, ցեղասպանել, բայց մենք առաքելություն ունենք՝ ապրել և պայքարել հայրենիքի համար, օրհասական պահերին դառնալ նրա վրիժառուն, կռվել ու պաշտպանել հող հայրենին: Այո՛, չենք ներելու, պիտի հաղթենք ու հաջորդ հանդիպումը լինելու է այդ հաղթանակի մարտական երգերով»,-նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն ու հուզված աշակերտներն ու ներկաներին վստահեցրեց՝ լավ է լինելու։ 

Միջոցառումը կազմակերպել էին ուսուցիչներ Մերի Սեփոյանն ու Անուշ Արսենյանը, որոնց ջանքերի շնորհիվ դպրոցականները ևս մեկ անգամ թերթեցին մեր պատմության ծանր ու եղերական էջերը ՝ հավատալով հայ ժողովրդի հարատևման  հավերժական երթին: