«Վոլոդյայի մտավոր մեծ ներուժն ու մարդկային արտակարգ հատկանիշներն առանձնացնում էին նրան բոլորից։ Մենք վստահ ենք, որ նա կդառնար շատ լավ լրագրող, եթե նրան վիճակված լիներ շարունակելու այդ ուղին։ Վոլոդյա Աբրահամյան․միշտ ներկա մեր լսարանում, կյանքում և աղոթքներում։ Այսօր, վաղը և միշտ, պատիվ ունենք»․ Մանկավարժական համալսարանում կայացավ «Նրանցից մեկը․Վոլոդյա Աբրահամյան» տեսաֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ անմահացած հերոսներին։
Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Իշխանասարում զոհված Վոլոդյան ՀՊՄՀ Լրագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանող էր։
Տեսանյութի հեղինակները դասընկերներն են․ նյութում ներկայացված են հարցազրույցներ՝ հերոսին բնութագրող դրվագներով, որոնք ընդգծում են Վոլոդյայի անհատականությունը, արժեքները, որոնք նա կրում էր իր մեջ և որոնցով արժանապատիվ անցավ իր կյանքի ուղին։ Ինչպես նշում են ընկերները՝ թեև հերոսը ֆիզիկապես իրենց հետ չէ, նրա հիշատակն ու գործը միշտ ուղեկցում են կյանքի դժվար պահերին․ երբ մի պահ, փակելով աչքերը, զգում են Վոլոդյայի կարևոր ներկայությունն իրենց կյանքում։
Դիտմանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ընտանիքի անդամներ, ուսանողներ, ընկերներ։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, որ ժամանակին ղեկավարել է ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանը, լավ է ճանաչում Վոլոդյա Աբրահամյանին․ իրենց սանն էր։ Ասում է, թեպետ բոլոր աշակերտների հետ ունեն ամուր կապեր, սակայն լինում են այնպիսիք, որոնք սրտիդ մի անկյունում առաջին իսկ օրից իրենց տեղն են ամրագրում․Վոլոդյան այդ աշակերտներից էր։ Այսօր էլ դժվարանում է խոսել այն ապրումների մասին, որ ունեցան Վոլոդյայի մահվան լուրը լսելու օրը․իրենց հուշերում հայրենիքի հերոսը կա և մնում է պայծառ դեմքով ու խորն ասելիքով։
Նաիրա Սաֆարյանը խոստովանում է՝ մանկավարժական գործունեության ընթացքում երեք անգամ է անզորության զգացում ունեցել․ նախ զոհվեցին վարժարանի սաներ Տիգրանն ու Ազատը, երրորդը Վոլոդյան էր։ Այսօր էլ, չնայած ժամանակ է անցել, սակայն այդ զգացողությամբ և ցավով են շարունակում ապրել։
ՀՊՄՀ պրոռեկտորը վստահ է՝ չնայած կարճ ուսումնառությանը, Վոլոդյան նույն արժեքները դրսևորեց և վայելեց կուրսընկների սերն ու հարգանքը, որոնք ամեն օր զգում են նրա ներկայությունը։
«Մեծ կորուստները ցավ են, կսկիծ, բայց նաև խորհուրդ․ Վոլոդյայի նման մարդկանց հեռանալը մեր կյանքից ունի իր խորհուրդը։ Նա իր գործն արել է, երկնային բանակի զինվոր է, այնտեղից է նայում։ Նման կերպարներն իրենց ապրածի խորհրդով պետք են ապրողներին` ձեզ, որ գիտակցեք ոչ միայն նրա կորուստը, ահռելիությունը, այլև փորձեք ապրել այդ խորհրդին, նրա կատարած սխրանքին արժանի ձևով»,-իր խոսքում նշեց Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանն ու հավելեց՝ նա հայրենիքի համար գնաց, որ դառնա ձեր հավատամքը, ձեր ապրելու կերպը։
Տպավորված տեսանյութով՝ Լևոն Գալստյանը նշեց՝ սրտանց և գիտակցված նախաձեռնություն էր, որ արժանի էր Վոլոդյայի ընկերներին։
Վոլոդյա Աբրահամյանի կուրսի ղեկավար Արթուր Բաղդասարյանը նկատում է՝ հայրենիքի համար նահատակվելու պատրաստ անձ դաստիարակելը մեծագույն շնորհ և առաքելություն է բոլոր ազգերի համար: Շնորհակալություն հայտնելով Վոլոդյայի ծնողներին՝ նշեց՝ նրան կորցնելուց հետո բազմիցս են նախաձեռնել անդրադառնալ հերոսի սխրանքներին, սակայն մի կողմից զգացմունքները, մյուս կողմից գիտելիքներն ու հմտությունները ժամանակ էին պահանջում:
Արթուր Բաղդասարյանը ընդգծում է՝ սկզբունքորեն տեսաֆիլմի պատրաստմանը փորձել է չմիջամտել. այն պետք է լիներ կուրսընկների սրտի խոսքը, լիներ անկեղծ և գնահատված.«Միայն պնդեցի, որ ֆիլմը կոչվի «Նրանցից մեկը». ամիսներ անց լրագրողների այս խումբը հրաժեշտ կտա համալսարանական կյանքին, կծավալի մասնագիտական գործունեություն: Այդ ճանապարհին գայթակղություններ շատ կլինեն, սակայն Վոլոդյան և մյուս հերոսները պետք է լինեն այն համեմատելի սանդղակը, որը միտված է լինելու ձեր անկեղծության, մասնագիտական պարտիքի, հայ ազգային ինքնության, մեր ծողների, պապերի ու նախապապերի ժառանգության արժևորմանը»։
Մանկավարժական համալսարանի բակում տեղակայված Արցախյան երրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Տ․Թովմա քահանա Անդրեասյանը կատարեց Վոլոդյա Աբրահամյանին նվիրված հոգեհանգստի կարգ։
«Եկեղեցու հայտնի աստվածաբաններից մեկն ասում է՝ նահատակների արյունը եկեղեցու սերմն է: Մեկ այլ թարգմանությամբ ասում են՝ նահատակների արյունը եկեղեցու քարերն են։ Դրա մեջ մեծ ճշմարտություն կա․նահատակները հեռանալով մեզնից դառնում են Աստծո բարեխոս մնացողների համար: Վոլոդյան և մյուսները համալրել են Աստծո բանակը»,- նշեց Տեր Հայրն ու երիտասարդներին հորդորեց հավատարիմ մնալ Վոլոդյայի որդեգրած պատգամներին, ապրել ու աղոթել հայրենիքի, ազգի փրկության և եկեղեցու համար:
Տ․Թովմա քահանա Անդրեասյանը հիշեցրեց՝ կյանքը տրված է հայրենիքը փրկելու համար․այն արժեք չունի, եթե հայրենիքի ու հավատի համար չէ, ազգի համար չէ: