ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոն՝ Մանկավարժականում
02.12.2024
«Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոն՝ Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում կայացավ «Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոնի հանդիսավոր բացումը։ Եռօրյա փառատոնը մեկ հարկի ներքո է համախբել 11 ուսումնական հաստատությունների տաղանդավոր երիտասարդների, որոնք իրենց ներուժը կփորձեն երգի, պարի և ասմունքի ժանրերում։

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողների տաղանդները․ այն բուհական ամենասիրելի և սպասված միջոցառումներից է։

Փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու կարևորեց տարիներ առաջ հիմնադրված մշակութային նախագծի գաղափարը՝ վստահեցնլով, որ առանց մշակույթ հնարավոր չէ կառուցել որևէ փոխհարաբերություն․ այն ամեն ինչի հիմքն է, մեր ինքնության կարևոր բաղկացուցիչը։

Մարիաննա Հարությունյանն ընդգծեց՝ հայ ժողովուրդը մշտապես առանձնացել է իր հարուստ մշակույթով․ այսօրվա երիտասարդները գալիս են շարունակելու և զարգացնելու այդ ժառանագությունը։ 9 բուհ, 1 մասնագիտական ուսումնական հաստատություն, 1 ավագ դպրոց վարժարան․ պրոռեկտորը լիահույս է՝ մրցույթը տարեցտարի կընդլայնվի, իսկ թվայանցված դարաշրջանում ստեղագործականությունն ու ստեղծագործող մարդը ըստ արժանվույն կգնահատվեն։

Մասնակիցներին ողջունեց և հաջող ելույթներ, նվաճումներ մաղթեց նաև ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, որը կարևորեց կրթական կառույցների միջև ակտիվ համագործակցությունը։

Մինչ ելույթները՝ երաժշտական կատարումներով հանդես եկավ ՀՊՄՀ փողային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Կոլյա Մարտիրոսյանի ղեկավարմամբ։

«Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոնի մասնակիցները հանդես եկան բազմաժանր երգացանկով՝ ներկայացնելով հայ անվանի երաժիտների հայտնի և սիրված ստեղծագործություններ։

Ձայնային տվյալներ, արտահայտչականություն, ընդհանուր տպավորություն․տարբեր բուհերից փառատոնի մասնակից ուսանողներին այս չափանիշներով գնահատեց ժյուրին՝ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը, Երաժշտության մանկավարժության ամբիոնի ասիստենտ Արմինե Օջախյանն ու ՈՒԽ նախագահ Պարույր Գալստյանը։

Ժյուրին բարձր գնահատեց մասնակիցների ելույթներն ու ու խոստովանեց՝ դրանք միմյանց չէին զիջում․ դժվար էր բաշխել մրցանակային տեղերը։

Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ այս տարի «Նռնենի» միջբուհական փառատոնի «Երգի» ժանրում 3-րդ տեղը զբաղեցրեց ՀՊՄՀ ուսանող Հելեն Տեր-Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող Լաուրա Զարգարյանը, իսկ առաջին պատվավոր տեղը ժյուրիի որոշմամբ կիսեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Գինո Մաքսիմն ու Հայ-ռուսական համալսարանի ուսանող Ամալյա Քանարյանը։

«Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոնը կշարունակվի վաղը։