Մանկավարժական համալսարանում այսօր նշվեց ՀՊՄՀ-ի Ուսանողական ակադեմիական հետագծի (շարժի) կազմակերպման բաժնի ավագ մասնագետ Թամարա Ալոյանի ծննդյան հոբելյանը՝ 80-ամյակը։ Բուհի Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտը, որ ծավալել է ակտիվ մանկավարժական գործունեություն, զբաղեցրել նաև պետական բարձր պաշտոններ, իր մեծ ավանդն ունեցել կրթության բարեփոխումների, կրթության ոլորտի օրենսդրական դաշտի մշակման ու կայացման, ինչպես նաև հանրապետության անկախ պետականության կայացման գործում։
Հոբելյանի առթիվ հրավիրվել էր Ռեկտորատի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Թամարա Ալոյանի գործընկերները, հարազատները։
Ինչպես նկատեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորական իր ուղերձում՝ Թամարա Ալոյանը միաձուլում է մասնագիտական խիզախությունը, պետական մտածողությունը և հայ կնոջ հայրենանվեր կերպարը։ Նա ճանաչված, սիրված և հարգված անհատականություն է, որն իր զավակներին ևս կրթել է ազգային արժեքներով և նվիրվածությամբ, ընտանեկան միջավայրում պահպանել սերնդից սերունդ փոխանցվող հայրենասիրական ոգին և պատասխանատվության զգացումը։
Ռեկտորը բարձր գնահատեց հոբելյարի գործունեությունը, մասնագիտական գործառույթների կատարումը, ընդգծեց նաև գործընկերային և ընկերական հարաբերություններում նրա փոխշփման հմտությունները, ակտիվությունը․ 2011 թվականից Թամարա Ալոյանը ՀՊՄՀ-ի համակազմի լիիրավ անդամ է։
Սրբուհի Գևորգյանը Թամարա Ալոյանին մաղթեց արևշատություն, շարունակական քաջառողջություն` երկարամյա վաստակած տարիները վայելելու, և հաջողություններ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մեծ պատիվ համարեց, որ Մանկավարժականում է Թամարա Ալոյանին կրթության գերատեսչության անունից շնորհավորելու առիթով։ Նկատում է՝ նրանք, ովքեր կյանքի տարբեր փուլերում առնչվել են Թամարա Ալոյանի հետ, կհաստատեն՝ գործ են ունեցել հայրենասեր, պրոֆեսիոնալ և ժրաջան անձնավորության հետ, որն իր տեսակով գործունյա և մոտիվացնող է շրջապատի համար։
Արթուր Մարտիրոսյանը վստահ է՝ օրվա հոբելյարի գործունեությունը կյանքի բոլոր փուլերում և կենսագործունեության բոլոր բնագավառներում նույնքան կարևոր է և գնահատելի։
Նախարարի տեղակալը, գնահատելով տարբեր բնագավառներում նրա տասնամյակների փորձառությունն ու ավանդը, նշում է՝ դժվար է ասել՝ Թամարա Ալոյանը կրթական, մանկավարժական, քաղաքական, պետական գործիչ է, թե՞ կրթության կազմակերպիչ, ապա նկատում է՝ միանշանակ՝ բոլորը միասին վերցրած․ ցանկացած գործում նա դրսևորում է միևնույն ջանասիրությունը։
Արթուր Մարտիրոսյանը, կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության և ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Թամարա Ալոյանին հանձնեց պատվոգիր․«Թամարա Ալոյանը թևակոխում է կյանքի մեկ այլ փուլ․ վստահ եմ՝ նա իր իմաստությունը և գիտակցությունը կներդնի հանրային գործունեության մեջ՝ ի շահ կրթական համակարգի և մեր երկրի, իսկ մեզ մնում է սովորել նրանից»։
Հոբելյանի առթիվ Թամարա Ալոյանին շնորհավորեցին նաև գործընկերները, ընկերները՝ անդրադառնալով նրա հարուստ կենսագրությանը, ուղուն և գործունեությանը։
Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանն անդրադարձավ 1970-ականներին Ապարանի թիվ 2 դպրոցում նրա ծավալած գործունեությանը․ կրթօջախը նրա շնորհիվ այդ տարիներին ճանաչվեց լավագույնը և միակ կաբինետային համակարգով աշխատող դպրոցը, ինչից հետո 1976 թվականին Թամարա Ալոյանին առաջարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Ապարանի շրջանային կոմիտեի քարտուղարի պատվավոր և միաժամանակ պատասխանատու պաշտոնը։
Ղարաբաղյան շարժում, Սումգայիթից մազապուրծ հայերին նոր շահագործման հանձնված բնակելի շենքի հատկացում, զինվորագրում Արցախի ազատագրման գործին, կամավորականների զինյալ ջոկատի ստեղծում, ապա նաև առաջին օգնություն՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին և այլն․«1990 թվականին նրան սիրող և գնահատող Ապարանի շրջանի բնակչությունը Թամարա Ալոյանին ընտրեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ընտրվելով ԳԽ-ի Կրթության, գիտության, լեզվի և մշակույթի հանձնաժողովի անդամ՝ նա ձեռնամուխ եղավ իրեն հարազատ ոլորտի՝ կրթական բարեփոխումների գործընթացին»,-նշեց Սամվել Պիպոյանն ու կարևորեց մի շարք օրենքների մշակման և ընդունման գործում նրա ակտիվ մասնակցությունն ու արված առաջարկությունները։
Սամվել Պիպոյանն իր ելույթում Թամարա Ալոյանին բնութագրեց որպես հայրենասեր հայուհի, ով տիրապետում է կազմակերպչական և կառավարչական անհրաժեշտ կարողությունների, պատշաճ մասնագիտական գիտելիքների և հմտությունների․«Նա իր ողջ աշխատանքային գործունեության ընթացում իրեն դրսևորել է որպես բանիմաց, բարեխիղճ, գործի հանդեպ պատասխանատվության գիտակցություն ունեցող և բարոյական նկարագրի տեր մարդ։ Նա աչքի է ընկել բարձր կուլտուրայով և զարգացվածությամբ, ով անմնացորդ նվիրվել է իր ժողովրդին և հարերնքին»։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն էլ նկատեց՝ Թամարա Ալոյանի համար մարդը գերագույն արժեք է, մարդուն ծառայելը՝ պատասխանատու և պարտավորեցնող գործ․« Ցավոք, մեր օրերում նման մարդիկ քիչ են․ եկեք պահպանենք, գնահատենք, խնայենք, մեծարենք այդ մարդկանց»։
Թամարա Ալոյանը, որ չի թաքցնում հուզմունքը շնորհակալություն հայտնեց նախարարությանն ու սիրելի բուհին՝ գնահատանքի համար։ Այսօր էլ խոստովանում է՝ իր ողջ էությամբ մանկավարժ է, մնացած բոլոր բնագավառներում ևս իրեն դրսևորել է որպես մանկավարժ։