Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանողները յուրահատուկ ձեռնարկով նշեցին Մասլենիցայի տոնը:
Ուսանողները ներկայացրին մեծ պահքին նախորդող շաբաթվա ընթացքում նշվող տոնի խորհուրդն ու կարևորությունը, այն անցկացնելու, միմյանց շնորհավորելու և այլ ավանդույթներ:
Ռուսական տոն՝ հայկական հյուրասիրությամբ. միջոցառման նախաձեռնողները կազմակերպել էին նաև տոնին բնորոշ հյուրասիրություն՝ ավանդական երգերով, պարերով և կերակրատեսակներով:
Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Արմեն Հակոբյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական որոշ տոներ նշելը գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ նպատակ ունենալով ընդլայնել ուսանողների աշխարհայացքը, ծանոթացնել այլ ազգերի մշակույթներին ու ավանդույթներին:
Ամբիոնի վարիչ Իննա Սարգսյանն էլ հավելեց, որ նման ձեռնարկները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ զուգահեռներ անցկացնել տարբեր ժողովուրդների ավադույթների, մշակույթների և սովորույթների միջև:
«Միայն քերականական կանոններ ուսումնասիրելով օտար լեզու հնարավոր չէ սովորել. պետք է հաղորդակից լինել նաև այդ ազգի մշակույթին և սովորույթներին»,-նշեց ամբիոնի վարիչն ու ուրախությամբ նկատեց՝ դասախոսների նախաձեռնությամբ կազմակերպվում են բարեկամ ժողովրդի այլ տոներ ևս:
Ուսանողները միակարծիք են՝ պետք է նշանավորել սեփական ժողովրդի տոները, բայցև իմանալ ու հաղորդակից լինել նաև այլ ազգերի մշակույթներին ու ավանդույթներին: Ապագա մանկավարժները վստահ են, որ նման ձեռնարկների շնորհիվ ձեռ բերված գիտելիքները կփոխանցեն նաև հետագա սերունդներին: